Եռակողմ հայտարարությունը Հայաստանի օկուպացիայի պակտ է․ ԱՄՆ-ն չի ընդունում այն

Եռակողմ հայտարարությունը Հայաստանի օկուպացիայի պակտ է․ ԱՄՆ-ն չի ընդունում այն

Միացյալ Նահանգները, իր գործընկերների հետ միասին, շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության մեջ և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք շարունակում ենք համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ խթանելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր առկա խնդիրների լուծումներ գտնելու համար», ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չի նշում եռակողմ հայտարարության մասին՝ խոսելով «ԵԱՀԿ-ի եւ մյուս գործընկերների հետ» համագործակցության մասին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը խոստովանել է, որ դեկտեմբերի վերջին ՄԱԿ ԱԽ-ում Բերձորի միջանցքի վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնած բանաձեւը տապալել է, քանի որ ԱԽ անդամները համաձայն չէին բանաձեւի տեքստում ներառել հղումներ «եռակողմ պայմանավորվածություններին»։

Բաքվի քաղաքագետ Իսա Ղամբարը խոստովանել է. «Ցավոք սրտի, եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի կատարվել։ Բացառությամբ Աղդամի, Քելբաջարի, Լաչինի վերադարձն Ադրբեջանին առանց ռազմական գործողությունների»։ Սա ճշգրիտ ձեւակերպում է, քանի որ եռակողմ հայտարարությունն իրականում ուղղված է Հայաստանի օկուպացիային։ Աշխարհը չի հասկանում, թե ինչն է ստիպում պաշտոնական Երևանին հավատարիմ մնալ այս հայտարարությանը` խոչընդոտելով աշխարհքաղաքական դերակատարներին բանակցությունները տեղափոխել միջազգային ատյաններ` համապատասխան երաշխիքներով:

Եռակողմ հայտարարությունը հայկական հողերի օկուպացիայի թուղթ է, որն աշխարհում ոչ ոք, բացի «երեք կողմերից», չի ճանաչում որպես օրինական փաստաթուղթ։ Երեւանում արդարանում են, որ կառչել են եռակողմ հայտարարությունից, որ «պատերազմ չլինի», ասում են՝ տեսեք, թե «Ռուսաստանն ինչ է անում Ուկրաինայի հետ»։ Սա կարող է գնահատվել ոչ միայն որպես օկուպացիա, այլև Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի վկայություն։

Պաշտոնական Երեւանը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, դուրս գալով եռակողմ հայտարարությունից՝ Մոսկվայի ու Բաքվի կողմից բազմաթիվ խախտումների հիմքով, այլապես նոր պատերազմն ու օկուպացիան անխուսափելի են։