Սաշիկ Սարգսյանին ձերբակալել են. ինչ է կատարվել…

Informacia.am-ը ներկայացնում է  վերջին օրերին հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները…

«Փաստ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:

Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է:

Չբացառելով որևէ անունի հավանականությունը, այդ թվում՝ նշյալ անձի, հավելենք, որ մեր ունեցած տվյալներով, ուսումնասիրվում է հատկապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անձն ու ֆինանսական գործունեությունը:

Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը աներևակայելի մեծ գումարի տրանսֆեր է իրականացրել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առերևույթ անհայտ նպատակներով: Հենց այս հանգամանքն էլ գրավել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը շարունակում է Ռուսաստանից աներկբա մեսիջներ ստանալ, որ իրենք ևս շահագրգռված են ՀՀԿ-ի միասնականության պահպանմամբ:

Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ նոր իշխանության ձևավորումը ավարտված չէ, հնից նորի տրանսֆորմացիան չի ավարտվել, և հայտնի չէ այդ տրանսֆորմացիայի արդյունքը, ՀՀԿ-ն պետք է շարունակի մնալ որպես առնվազն խորհրդարանական իշխանություն:

Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ Հայաստանում նոր ընտրություններ տեղի չեն ունեցել, ՀՀԿ-ն շարունակում է մնալ 2017թ․  ապրիլի 2-ի խորհրդարանական «լեգիտիմ» ընտրությունների միակ լեգիտիմ մեծամասնությունը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Թե՛ հեղափոխական, թե՛ հակահեղափոխական թիմերում, այդ թվում եւ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսում, Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը համարում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինը, որը, ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, պրոֆեսիոնալ է․

«Նա էր բանակցում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ ողջ ընթացքում․ Նալբանդյանի մոտ նախաձեռնողականությունը զրոյական էր, իսկ Զորիկը կլասիկ դիվանագետ է, լավ բանակցող, ոչ մի կողմի հետ որեւէ խնդիր չի ունենա»։

Ո՞վ է առաջարկել նրա թեկնածությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Զորիկն ընդունելի է բոլորի համար, այդ թվում եւ՝ հեռացած թիմի։

Սերժ Սարգսյանը շատ գոհ է եղել նրա աշխատանքից, մի քանի անգամ ցանկացել է Զորիկին նշանակել ԱԳ նախարար, սակայն Ռուսաստանն ընդդիմացել է Էդվարդ Նալբանդյանի հեռացմանը» :