Հայաստանը կստանա՞ այս ֆանտաստիկ զենքը. (Photo)

ՌԴ նախագահ Պուտինն իր ավանդական ամենամյա ուղերձում խոստովանել է, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, եւ դա է երկրի գլխավոր թշնամին:

Նա ներկայացրել է Ռուսաստանի միակ ձեռքբերումը՝ գերժամանակակից զինատեսակներ, պատմել դրանց հնարավորությունների մասին, նշելով, որ ներկայում աշխարհում չկան համակարգեր, որոնք կարող են դիմակայել դրանց:

Պուտինը հիշեցրել է ռազմական հայեցակարգի դրույթը, ըստ որի՝ Ռուսաստանի ու դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման կամ ագրեսիայի պարագայում Մոսկվան միջուկային հարված է հասցնելու:

Ավելին, նա «իր պարտքն է համարել հայտարարել», որ ցանկացած տեսակի միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ դիտարկվելու է որպես հարձակում Ռուսաստանի վրա, եւ պատասխանը լինելու է ակնթարթային:

Գերտերությունն այդպիսին պետք է լինի՝ իր դաշնակիցների հանդեպ պարտավորությունների մասով: Օրինակ, ԱՄՆ նախագահը հստակ հայտարարել է, որ ով «կպնի» Իսրայելին՝ գործ կունենա ԱՄՆ-ի հետ:

Բայց Ռուսաստանի քաղաքականության պարագայում մշտապես առաջանում է հարցը՝ ովքե՞ր են նրա դաշնակիցները եւ ինչպես է նա կատարում իր պարտավորությունները նրանց հանդեպ:

Հարցը հատկապես ակտուալ է Հայաստանի պարագայում, թեև ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան կարծես թե որոշակի շտկումներ կատարեց այդ մասով:

Մյուս կողմից, Մոսկվայի դաշնակիցներից ո՞ւմ դեմ պետք է միջուկային հարձակում լինի: Եվրասիական միության մասով դաշնակիցներին նման հեռանկար համենայնդեպս տեսանելի ապագայում չի սպառնում, նկատի ունենալով նրանց աննշան դերակատարությունը միջազգային գործերում:

Այլ են Թուրքիան ու Սիրիան, որոնք ներկայում միջազգային քաղաքականության « թիրախում» են: Մյուս կողմից, Պուտինի հիշեցրած ՌԴ ռազմական դոկտրինի դրույթը կարող է վերաբերվել Թուրքիային, եթե այն ագրեսիայի դիմի Հայաստանի դեմ:

Այսինքն, «թղթերով» այդ պարագայում Ռուսաստանը պետք է հարված հասցնի Թուրքիային:Սակայն պետք է նկատի առնել մի հանգամանք, որը դրսեւորվեց Հայաստանին Իսկանդեր մատակարարելու հարցում:

Առավել նպատակահարմար տարբերակը հենց այն է, երբ զենքը տրամադրվում է անմիջապես դաշնակցին, նկատի առնելով ռազմա-քաղաքական որոշակի հանգամանքները:

Մասնավորապես, Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ Ռուսաստանը չի հարվածի իրեն, բայց նման վստահություն չի կարող ունենալ Հայաստանի պարագայում

Այս տեսակետից, նկատի առնելով տարածաշրջանում բարդ ու բավական անկանխատեսելի զարգացումները, արդյոք Հայաստանը ժամանակի ընթացքում կստանա նոր, Պուտինի բնորոշմամբ՝ ֆանտաստիկ զինատեսակները. գրում է Lragir.am-ը: