Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքը՝ ՀՀԿ-ին. կորցնելու բան չմնաց

Lragir.am-ը գրում է․

ՀՀԿ-ն երկրորդ հայտարարությունն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության թեմայով:

Այս անգամ հայտարարությունը տարածել է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, ասելով,

որ Քոչարյանի հետպնադումը սպառնում է հասարակության պառակտումով և Հայաստանի համար վտանգներով, իսկ ՀՀԿ-ն էլ հարցը բարձրացնելու է միջազգային հարթակներում:

ՀՀԿ այս դիրքորոշումներն անշուշտ մոտ են ընդհուպ զավեշտին, հաշվի առնելով այդ կուսակցության բացարձակ իշխանության շրջանում տեղի ունեցած բազմաթիվ քաղաքական հաշվեհարդարները՝ իրավական գործիքների կիրառումով:

Բայց, միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ ներկայում ՀՀԿ-ին Քոչարյանի ճակատագիրը չէ, որ հուզում է: ՀՀԿ-ին ներկայում հուզում է սեփական ճակատագիրը:

Բանն այն է, որ Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացը եթե ավելի վտանգավոր չէ հենց ՀՀԿ համար, ապա առնվազն պակաս վտանգավոր եւ խնդրահարույց չէ, քան հենց Քոչարյանի համար:

Ավելին, Ռոբերտ Քոչարյանը ստացել է «բացառիկ հնարավորություն»:

Բանն այն է, որ Մարտի 1-ի թիվ մեկ եւ թերեւս միակ պատասխանատուն ու մեղավորը տասնամյակ շարունակ դիտվել է Ռոբերտ Քոչարյանը:

Ընդ որում, այդ դիտարկումը ոչ ուղիղ իհարկե, սակայն տարբեր խողովակներով եւ քաղաքական պահվածքի նրբերանգներով խրախուսել է նաեւ ՀՀԿ-ն:

Մարտի 1-ի գործի այսպես ասած չբացահայտվածությունը միմիայն նպաստել է դրան, որ ավելի ու ավելի խորանա միակ պատասխանատուի «կանխավարկածը»:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը առնվազն որպես գործող նախագահ գլխավոր պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել իր նախագահության շրջանում ընդհանրապես, աներկբա է:

Միեւնույն ժամանակ, մակերեսայնություն կլինի խոսել այն մասին, թե ամեն ինչ պայմանավորված էր միայն Քոչարյանով:

Այդպիսի համակարգերը չեն ունենում քառորդ դարից ավելի կուռ ու անսասան թվացող ամրություն:

Հայաստանում իշխող համակարգը եղել է հստակ աշխատող մի մեխանիզմ, որը երբեք կախված չի եղել մեկ մարդուց, առաջին հերթին հենց անվտանգության նկատառումներից ելնելով:

Այլապես մեկ մարդու հետ որեւէ խնդիրը կփլուզեր ամբողջ համակարգը: Մինչդեռ համակարգը ավելի ու ավելի ամրացել է, թեեւ առանցքային անձերի հետ կապված եղել են տարբեր խնդիրներ, ընդհուպ ողբերգական:

Իսկ որն է հասարակության խնդիրը, որպես պետականության վերափոխման առաջնային հրամայական ունեցող հանրույթի:

Հասարակության խնդիրն է բացահայտել իշխած համակարգը ամբողջությամբ, լիարժեք, որովհետեւ միայն դա կարող է լինել համակարգը վերջնականապես պատմության հետնախորշում թողնելու գրավականը:

Այլապես համակարգն անընդհատ ուղեկցելու է հանրությանը, թեկուզ լուռ, խեղճացած, խոնարհված, նույնիսկ ստորաքարշ, բայց անընդհատ նաեւ սպասելով որեւէ «մարմնում» վերաբնակվելու եւ վերարտադրվելու հնարավորության:

Ու կգտնի այդ հնարավորությունը, եթե բացահայտված չէ ամբողջությամբ:

Այստեղ է նաեւ Մարտի 1-ի գործի երկրորդ կարեւորագույն շերտը: Առաջին շերտը դա տասը մարդու սպանությունն է, որի համար կոնկրետ մեղավորները պետք է տան կոնկրետ պատասխան:

Բայց տասը սպանությունն էլ ըստ էության ինքնին չի կարող դիտարկվել Հայաստանում տեղի ունեցած մի առանձին հանցագործություն կամ ողբերգություն:

Եթե օրինակ 1996 կամ 2003 թվականներին ընտրության կեղծիքը չի հանգեցրել սպանության, չի հաստատվել արյունով, դա դեռ չի նշանակում, որ չի եղել նույն մարդասպան համակարգի ձեռքի գործը:

Այստեղ է խնդրի մասշտաբը, որը միայն Քոչարյանի վրա նեղացնելը կարող է հագուրդ տալ ինչ որ կրքերի, որոնք ի դեպ միանգամայն հասկանալի են ու հիմնավոր, բայց ամենեւին չլուծել որպես պետականության վերափոխման հրամայականի առաջ կանգնած հասարակության առանցքային խնդիրները:

Ահա այդ իմաստով է, որ ուշագրավ է դառնում Քոչարյանի «պաշտպանության ալիքը», որը կարծես թե պատրաստվում է առաջնորդել ՀՀԿ-ն:

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀԿ-ն է եղել իշխող քաղաքական ուժը, այդ ընտրությանը հաղթած թեկնածուն եղել է ՀՀԿ թեկնածուն, ՀՀԿ-ն է եղել խորհրդարանի մեծամասնությունը, մի շարք առանցքային որոշումների ֆորմալ պատասխանատուն:

Եվ այդ մասին նաեւ բավական թափանցիկ ակնարկեց Ռոբերտ Քոչարյանը Երկիր Մեդիային տված բացառիկ հարցազրույցում:

Քոչարյանը իր հանդեպ հարուցված քրգործի եւ մեղադրանքի շրջանակում ունի հենց այդ բացառիկ հնարավորությունը, ցույց տալ, որ ինքը չէ «միակ պատասխանատուն»:

Նա հայտարարել է, որ պաշտպանվելու է մինչեւ վերջ: Իսկ դա նշանակում է, որ հանուն իր պաշտպանության նա կարող է բացել համակարգը մինչեւ վերջ:

Նա ի վերջո կորցնելու բան չունի: Իսկ ահա իշխած համակարգի մյուս սեգմենտներն ունեն: Դա է մտահոգում նրանց, ոչ թե Քոչարյանը: