Lragir.am-ը գրում է․
Գլխավոր դատախազությունը մերժել է երկրորդ նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու պատգամավորական միջնորդությունը,
որը ստորագրել էին ՀՅԴ երեք պատգամավոր, Իշխան Զաքարյանը Ծառուկյան դաշինքից եւ ՀՀԿ գրեթե ամբողջ խմբակցությունը:
Գլխավոր դատախազությունը փաստորեն փրկեց Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ ծուղակից, պահելով նրան կալանքի տակ եւ ազատելով ՀՀԿ-ին «պարտք» մնալուց:
ՀՀԿ պատգամավորների ստորագրության կապակցությամբ եղան տարբեր կարծիքներ ու գնահատականներկ ընդհուպ այն, թե ստիպել են: Դա թերեւս չափազանցություն է: Կամ, եթե եղել է ստիպող բան, ապա միայն շահը:
Ընդ որում, շահը տվյալ պարագայում յուրաքանչյուր ստորագրողի դեպքում ունի թերեւս տարբեր դրսեւորումներ, իհարկե մի ընդհանուր շրջանակով, որը նախորդ համակարգի շրջանակն է:
Իսկ այդ համակարգում ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը մշտապես եղել են դիմակայության տարբեր կողմերում ու ամենեւին 2008-ից չէ, որ նրանց ջրերը հոսել են տարբեր առուներով:
Ի վերջո, 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի կոալիցիոն մեծամասնության գնաց հենց ՀՀԿ-ին թելադրող դիրքից զրկելու պատճառով:
Նրանց դիմակայությունը շարունակվում է առ այսօր, եւ դա է այդ երկու սուբյեկտների հարաբերության առանցքային հանգամանքը:
Ըստ այդմ, որքան էլ նրանց շահերը պարբերաբար նաեւ համընկնում են, գործողությունների խորքային մոտիվացիան միեւնույն է կառուցված է դիմակայության խորքային զգացումի վրա:
Հենց զգացումի, ոչ թե գիտակցման, քանի որ դիմակայությունը կառուցված է եղել առավելապես նաեւ անձնական մակարդակում «անընդունելիության» վրա:
Օգնելով Քոչարյանին այժմ, ՀՀԿ-ն մի կողմից իհարկե փորձում է լուծել Մարտի 1-ի համար որպես այդ պահին արդեն բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ իր պատասխանատվության հարցը,
մյուս կողմից սակայն նաեւ թույլ չտալ, որ նոր իրավիճակում նախորդ իշխանության գլխավոր գործող անձը լինի Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀԿ-ից անկախ:
Օրինակ, նաեւ դրա համար Քոչարյանը կարող էր շահագրգռություն ունենալ ստորագրած պատգամավորների ցուցակը պահել գաղտնի, այդպիսով հրապարակավ չընդունելով ՀՀԿ-ին պարտք լինելու հանգամանքը:
Ու շատ հետաքրքիր է, որ ցուցակը հրապարակեց ՀՀԿ-ն, ցույց տալով, թե ու՞մ է Քոչարյանը պարտք լինելու կալանքից ազատվելու դեպքում:
Իսկ այստեղ հարցը բավական նուրբ է եւ ընդգրկուն, Մարտի 1-ի գործը կոնկրետ իրավական գործ լինելուց բացի, խորհրդանշական իմաստով ընդհանրապես նախորդ համակարգի գործն է՝ իրավա-քաղաքական կամ քաղաքա-իրավական գործը:
Իսկ դա նշանակելու է այդ համակարգի ամբողջական պատասխանատվության գոտու ընդգրկում, ինչը ամենեւին չի սահմանափակվում միայն ներքին նշանակության հարցերով, այլ ամբողջանում է նաեւ արտաքին քաղաքականության լայն ընդգրկումով:
Իսկ այստեղ առաջանում է ուշագրավ «պարադոքսի» հնարավորություն:
«Գլխավոր մեղադրյալը» կարող է դառնալ նաեւ այդ լայն ու խորքային առումով արտաքին ընդգրկումով գործում համակարգի անունից «գլխավոր բանակցողը» նոր իրավիճակի եւ դրա շահառուների լայն, դարձյալ ոչ միայն ներքին, այլ արտաքին ուժային կենտրոններն ընդգրկող շրջանակում:
ՀՀԿ համար Քոչարյանի կալանքից ազատումը յուրահատուկ շանս է՝ չլինել «գլխավոր մեղադրվող», բայց լինել «գլխավոր բանակցող», որը ի վերջո անվտանգության առավելագույն երաշխիքն է, թեկուզ խիստ համեմատական ու նեղ անվտանգության:
Դատախազությունը ՀՀԿ-ին թույլ չտվեց քայլ անել դեպի այդ երաշխիքը, պահելով Քոչարյանի կարգավիճակն ու նրան ազատելով ՀՀԿ պարտքից: ՀՀԿ-ն է շարունակում պարտք մնալ Քոչարյանին՝ ավանսով պարտք:
Օգոստոսի 9-ին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկելու է Վերաքննիչ դատարանը: Կփոխի՞ դատարանը ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյան ստատուս-քվոն: