«Ծռության» ֆիասկոն․ Պավլիկ Մանուկյանի նոր սկանդալային հայտարարությունը

1in.am-ը գրում է.

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունն այսօր մերժվել է:

Դատավորն ասել է, թե որոշումն ընդունելիս դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դատական քննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքները դատարանին բերում են այն եզրահանգման,

որ ազատության մեջ գտնվելու պայմաններում ավելի մեծ է հավանականությունը, որ Պավլիկ Մանուկյանը կփորձի ապօրինի ազդեցություն գործադրել:

Ի հայտ եկեծ նոր հանգամանքները պայմանավորված են հենց Պավլիկ Մանուկյանի արած սենսացիոն հայտարարություններով։

Նախորդ դատական նիստերից մեկում Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ Արմեն Բիլյանի փոխարեն ոստիկանի կյանքը խլած պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը:

Այսօր դատարանում նա ևս մեկ անգամ պնդեց իր այդ հայտարարությունը՝ տալով ցուցմունք: Պավլիկ Մանուկյանն այսօր ասել է, որ կրակոցը եղել է իրենից մոտ մեկ մետր հեռավորության վրա.

«Անձամբ ներկա եմ եղել, և քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը, պատահական կրակոց էր:

Իսկ բանկոմատի վերաբերյալ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել՝ բացառությամբ իրեն»: Պավլիկ Մանուկյանը պնդել է, որ Արմեն Բիլյանն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել:

«Սասնա ծռեր»-ի անդամ Էդվարդ Գրիգորյանն այսօր հրաժարվել է ցուցմունք տալ Պավլիկ Մանուկյանի՝ իր հետ կապված հայտարարության վերաբերյալ:

Մխիթար Ավետիսյանը, ի տարբերություն Գրիգորյանի, հայտարարել է, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

Սակայն այսօր Պավլիկ Մանուկյանը դատարանոմ հանդես է եկել մեկ այլ սենսացիոն հայտարարությամբ․ նա ասել է, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ:

«Այո՛, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, և դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզնից բոլորից:

Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասել նա: Պավլիկ Մանուկյանը չի հիշել, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել:

Մանուկյանի այսօրվա հայտարարությունը գետնին հավասարեցրեց մեկ այլ միֆ, որը երկու տարի շարունակ հետևողականորեն առաջ էին մղում Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները․

նրանք պնդում էին․ որ «ծռերը» կրակելու, նախահարձակ լինելու նպատակ չեն ունեցել՝ անգամ իսկ կասկածի տակ դնելով այն հանգամանքը, թե իրենք են սպանել ոստիկաններին։