Գաղտնի հրամանն ու օլիգարխների ցուցակը. Ով է հաջորդը

Lragir.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին,

թե ինչ զենք-զինամթերք է ԱԱԾ-ն հայտնաբերել Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներից և ինչ կապ ունի այդ զենքը Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, ասել է.

«Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, այդ մասին բազմիցս խոսվել է, որ մարտի 1-ին, բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր: Հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»:

Նա նկատի ունի հայտնի ցուցակը, որում կային Հովիկ Աբրահամյանի, Վաչագան Ղազարյանի, Սուրիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Սարգսյանի ու Առաքել Մովսիսյանի անունները:

Փաստացի, 0038 գաղտնի հրամանից հետո գործին «կցվում» է նաեւ օլիգարխների ցուցակը:

Երեկ ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման մասին:

Այդ զենքը ստուգվում է մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հնարավոր կիրառման կապակցությամբ:

Ավելի վաղ ՀՔԾ պետը հայտարարել էր, որ 10 սպանությունների բացահայտման համար կարեւոր է գտնել զենքը եւ պարզել չիդենտիֆիկացված փամփուշտների հարցը:

Արդյոք Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքը կիրառվել է այդ իրադարձությունների ժամանակ:

Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը նախքան կալանավորվելը հայտարարել էր, թե բանակն ու ոստիկանները չեն կրակել:

Նա նույնիսկ վարկած էր առաջարկել, ըստ որի՝ ինչ որ մարդիկ մտել են այն տարածքը, որը չէր վերահսկվում իշխանության ու ընդդիմության կողմից, կրակել ու հեռացել:

Կապ ունե՞ն օլիգարխների ցուցակն ու հայտնաբերված զենքն այս ամենի հետ, որտեղի՞ց այդ զենքը եւ ինչո՞ւ էր այն պահում Հովիկ Աբրահամյանը, մյուսները տեղյա՞կ էին այդ մասին: Մյուսներին կկանչե՞ն հարցաքննության, եւ ո՞վ է հաջորդը:

ԱԱԾ այս բացահայտումն ամբողջացնում է ոչ միայն մարտի 1-ի գործը, այլեւ քրեա-օլիգարխիայի համակարգային գործունեությունը, որոնց կապում էր ընդհանուր հանցանքը:

Դա կարող է քանդել կծիկը ու դառնալ այդ համակարգի վախճանի արձանագրումը: