Խուճապ համակարգում. Սերժ Սարգսյանն առաջարկում է հեռանալ միասին

Lragir.am-ը գրում է. Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ վարչապետ կդառնա փորձը եւ քաղաքական-իշխանական համակարգի առանցքային դիրքերը երիտասարդ սերնդին, երիտասարդ լիդերներին փոխանցելու համար, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:

Սարգսյանը ասել էր, թե շարունակում է չհավակնել վարչապետի պաշտոնին՝ ինչպես հայտարարել էր 2014-ին, բայց պարզունակ է մտածել, թե դա նշանակում է չլինել վարչապետ: Սարգսյանը հայտարարել է, որ պատասխանատվության զգացումն ու մարտահրավերների առատությունը իրեն կարող են բերել վարչապետ առաջադրվելու որոշման:

«Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։

Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ», 2014-ի իր հայտնի հայտարարության առնչությամբ ասել է Սերժ Սարգսյանը: Փաստացի նա բաց տեքստով ակնարկում է, որ այն ժամանակ պետք էր այդպես ասել՝ ասել է, այժմ կանի այն, ինչ պետք է հիմա:

Իսկ այն ժամանակ Սերժ Սարգսյանը փաստացի միասին հեռանալու առաջարկ էր անում մի քիչ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հիմնականում Ռոբերտ Քոչարյանին, որոնք ինտենսիվ առաջ էին մղում ոչիշխանական բեւեռը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ հայտարարել էին շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին:

Սերժ Սարգսյանն այդ ժամանակ հայտարարեց, թե պատրաստ է հեռանալ, թերեւս պայման դնելով՝ եթե Ռոբերտ Քոչարյանն էլ չի հավակնում վերադառնալու: Հետո Սարգսյանը վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, որպես իր հեռանալու պատրաստակամության համոզիչ փաստարկ:

Իսկ դա համոզել էր շատերին, որ Սարգսյանն ի վերջո իշխանության առաջին կարգավիճակը զիջելու է Հովիկ Աբրահամյանին եւ հեռանա, այլ տարբերակ չկա:

Նույն համոզմանն էր նաեւ Աբրահամյանն ինքը, ով ընդամենը մի քանի ամիս անց Սարգսյանին օգնեց ճանապարհել տուն Գագիկ Ծառուկյանին, ակնկալելով, որ դա կլինի իր վերջին քարը չորրորդ նախագահ դառնալու ճանապարհին:

Բայց իրադարձություններն ընթացան այլ հունով, Հովիկ Աբրահամյանի համար ճակատագրական եղավ տապալումը թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում, որից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ կառավարման մոդելի փոփոխությանը, դրանով լուծելով թե անձնական, թե համակարգային մի շարք հարցեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում