Ինչ եղավ, երբ Գագիկ Ծառուկյանը չմիացավ երկրորդ նախագահին

1in.am-ը գրում է՝

20 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը, որը կալանավորվել էր Օլիմպիական կոմիտեում տեղի ունեցած ծեծի հայտնի գործի շրջանակներում:

Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը, իրավական գործընթացի շրջանակով հանդերձ, ունի նաև հետաքրքիր քաղաքական ենթատեքստ,

համենայն դեպս, ներկայիս ներքաղաքական իրավիճակի և իրողությունների ֆոնին:

Այդ առումով այն հատկանշական կերպով համադրվում է Ռոբերտ Քոչարյանի գործին և դրա հանդեպ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանը:

«Բարգավաճ Հայաստանը» չաջակցեց Ռոբերտ Քոչարյանին և կանգնեց ընդգծված չեզոք դիրքում, այդպիսով առնվազն անուղղակի աջակցելով Նիկոլ Փաշինյանին:

Արդյո՞ք Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը քաղաքական տողատակում հնարավոր է դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի, իշխանության պատասխան քայլը Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանը:

Ինչ խոսք, այստեղ իրավիճակը երկակի է՝ նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու պարագայում Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին կհարվածեր՝ ուղղակի, թե անուղղակի, այլ գուցե ավելի շատ նաև իրեն:

Մինչդեռ Ծառուկյանն այս առումով ունի իր խնդիրներն ու շահերը, համենայն դեպս՝ թե՛ Երևանի, թե՛ խորհրդարանի արտահերթ ընտրություններին ընդառաջ:

Այդ իմաստով Ծառուկյանին բացարձակապես շահեկան չէ աջակցել Քոչարյանին և այդպիսով զրկվել հասարակական աջակցության հեռանկարից, եթե անգամ այդ աջակցությունը մեծ էլ չէ:

Ի վերջո, Ծառուկյանը գոնե առայժմ սպասում է իր ժամին, իսկ քանի դեռ սպասում է, նա, իհարկե, չի գնա թավշյա հեղափոխության դեմ, ինչին հավասարազոր կլիներ Ռոբերտ Քոչարյանին աջակցելը:

Այդ պարագայում Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը, ըստ էության, ոչ թե գործարք է, այլ գուցե ստեղծված իրավիճակում գուցե որոշակի ժեստ,

որը կարող էր և չլինել՝ հազիվ թե Ծառուկյանը այդ դեպքում գնար ու միանար երկրորդ նախագահին,

սակայն, մյուս կողմից, այդ ժեստով Նիկոլ Փաշինյանն է թերևս միավոր հավաքում՝ փորձելով Գագիկ Ծառուկյանի մոտ ձևավորել Սահմանադրության փոփոխության նախաձեռնության հանդեպ համարժեք տրամադրություն՝ նկատի ունենալով այն,

որ Փաշինյանն առաջիկայում ազդարարել է խորհրդարան այդպիսի նախագիծ ներկայացնելու մասին, որը նախատեսում է ԱԺ ինքնալուծարման մեխանիզմ՝ առանց վարչապետի հրաժարականի սպասելու:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի, այսպես ասած, դրական տրամադրվածությունն այդ իմաստով Նիկոլ Փաշինյանին,

թերևս, կազատի ավելորդ ջանքերի անհրաժեշտությունից և հնարավորություն կտա ստեղծել իրավիճակ, երբ խնդիրը լուծելու համար կպահանջվի ավելի քիչ ռեսուրս: