Ապուշ իրավիճակ

Lragir.am-ը գրում է.

Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ Երեւանում ասուլիս է տվել ու կոշտ հայտարարություններ արել:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանին համեմատել է Գյորինգի հետ, տարբերություն չտեսնելով նրանց հայտարարությունների միջեւ:

Խոսելով ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված զրույցի մասին, նա ասել է, թե այդ կառույցները խայտառակ վիճակում են հայտնվել,

իսկ դրանց ղեկավարները պետք է հրաժարական տան եւ մի քանի հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ նրան, ով գաղտնալսել է, պետք է պարգեւատրել:

«Հայաստանում չի եղել թավշյա հեղափոխություն: Եկել է ռեժիմ, որն անամոթաբար հրահանգներ է տալիս», – ասել է նա՝ հայտարարելով,

որ սա համարում է Հայաստանի սահմաններից դուրս երկար տարիներ մշակված ծրագրի արդյունք:

Նա քննադատել է վարչապետին նաեւ ԱԺ-ում ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայտարարությունների համար, ասելով, որ նա ոչ մի պատկերացում չունի բանակցային գործընթացի մասին:

Վերջում էլ նա եզրակացրել է, որ Հայաստանը ապուշ իրավիճակում է հայտնվել:

Ըստ միջազգային կոնվենցիաների ու ՀՀ օրենսդրության, Գառնիկ Իսագուլյանն ունի խոսքի ու կարծիքի ազատություն ու այն արտաբերելու իրավունք:

Բայց տվյալ դեպքում կա մի հանգամանք՝ նա Արցախի պաշտոնյա է, եւ իր կարծիքը հայտնելուց առաջ գուցե պարտավոր էր ճշտել՝ ներկայացնում է Արցախի իշխանության պաշտոնական տեսակետը, թե ոչ:

Բայց եթե նույնիսկ հայտարարի, որ չի ներկայացնում, դա նրան չի ազատում այդ հանգամանքից, որովհետեւ պաշտոնյան, այնուամենայնիվ, պետք է դուրս չգա այդ շրջանակից:

Նշանակում է, նա արտահայտում է Արցախի իշխանության ու մասնավորապես Բակո Սահակյանի ու Աշոտ Ղուլյանի տեսակետը:

Վերջինս, իր հերթին, ԱԺ-ում հայտարարություն էր «անցկացրել» ի պաշտպանություն Քոչարյանի:

Կա մեկ այլ կարեւոր հանգամանք էլ. Գառնիկ Իսագուլյանը նույնությամբ կրկնում է այն թեզերը, որոնք առկա են Քոչարյանի հարցազրույցներում:

Նա, ի դեպ, ժամանակին եղել է Քոչարյանի խորհրդականը: Այսինքն, այս դեպքում էլ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նա փաստացի արտահայտում է Քոչարյանի տեսակետները, այսինքն՝ գործ ունենք որոշակի նպատակաուղղված քաղաքական դիրքավորման հետ:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ արդեն:

Ստացվում է, որ Արցախի իշխանությունը ներքաշվա՞ծ է Հայաստանի իրադարձություններում՝ հստակ դիրքավորմամբ:

Հայաստանում ներկայում կան տեսակետներ, թե Արցախի իշխանությունը դարձել է «հակահեղափոխության որջ եւ կենտրոն»:

Գառնիկ Իսագուլյանն իր ասուլիսներով փաստացի հաստատում է այս միտքը:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Գառնիկ Իսագուլյանը գիտե՞, թե ինչպես է այն ժամանակ նշանակվել Քոչարյանի խորհրդական: Սա շատ հետաքրքիր պատմություն է:

Սա իմիջիայլոց: Եթե Արցախի իշխանությունը չի կիսում իր ներկայացուցչի տեսակետները, ապա Իսագուլյանը պետք է հեռանա այդ պաշտոնից, որովհետեւ նա Հայաստանում քաղաքականության մեջ է խիստ որոշակի դիրքավորմամբ:

Արցախի սուղ բյուջեն, որ ձեւավորվում է նաեւ Հայաստանից ստացված փողով, միայն կշահի դրանից, եւ գուցե Արցախն էլ դուրս գա այս ապուշ իրավիճակից: