Ռոբերտ Քոչարյանը շտապեց Պուտինի մոտ՝ սխալն ուղղելու․ Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ ռուսական Կոմերսանտին:

Հարցազրույցն ունի մի քանի հատկանշական հանգամանք, առանց իհարկե բովանդակային նորության և առավել ևս առանց քաղաքական նորարարության:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առանցքային շեշտադրումներն առնչվում են Ռուսաստանի հետ հարաբերության առումով Նիկոլ Փաշինյանի «անվստահելիությանը», և Պուտինի հետ իր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական հարաբերության խորությանը:

Կոմերսանտին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փաստացի խոստովանում է, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո թե նրա հետ անձնապես, թե Ռուսաստանի ու Հայաստանի մասով հարաբերության «փայլուն» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի գնահատականը զգալիորեն մոտ է իրականությանը:

Հակառակ դեպքում երկրորդ նախագահը չէր ունենա կարիք հարցազրույց տալ նույն Կոմերսանտին, որին Պուտինի հետ հանդիպումից հետո հարցազրույց էր տվել Նիկոլ Փաշինյանը, և այդ հարցազրույցում բավական երկար փորձ աներ համոզել Պուտինին, որ չի կարելի վստահել Նիկոլ Փաշինյանին:

Եթե Ռոբերտ Քոչարյանը զգալի ջանք է գործադրում այդ հարցում, ուրեմն դա նշանակում է, որ Փաշինյան-Պուտին մակարդակում այդուհանդերձ ձեւավորվել է որոշակի փոխվստահություն, ինչն ուզում է ճեղքել Ռոբերտ Քոչարյանը:

Միաժամանակ, նա բավական մանրամասն փորձում է ներկայացնել իր եւ Պուտինի հարաբերության պատմությունը, թե երբ այն ստացավ ջերմ ընկերական բնույթ, առաջացավ «քիմիան» եւ այլն:

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ երկու տարի պահանջվեց ընկերական եւ փոխվստահելի հարաբերության համար, եւ դրա համար երկու, երեք հանդիպումը բավական չէ:

Ակնառու է Նիկոլ Փաշինյանին ուղղված ակնարկը, թե միեւնույն է ինքն ավելի մոտ է Պուտինին, քան Փաշինյանը:

Այդ «մրցակցությունը», որ դրսեւորում է երկրորդ նախագահը, մատնում է նրա վերաբերմունքը ընդհանրապես քաղաքական եւ պետական խնդիրներին ու հեռանկարներին:

Ի դեպ, ամենեւին զարմանալի չէ, որ նա հենց դրա վրա էր շեշտը դնում նաեւ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություն պարզելիս՝ նախորդ, իր համար հետնախագահական տասնամյակում:

Մյուս կողմից, մանրամասն եւ հանգամանալից նկարագրելով ՌԴ նախագահի հետ ընկերությունը, Ռոբերտ Քոչարյանը կարծես բավական նուրբ ակնարկով հանդիմանում է նրան, մեղադրելով նրան Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությամբ այդ ընկերությանը «դավաճանելու» համար:

Դրա հետ մեկտեղ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը թողնում է նաեւ սխալը շտապ ուղղելու տպավորություն, որի առանցքային վկայություն է ոչ միայն Ռուսաստանին իր հավատարմության և Պուտինի հետ ընկերության հավաստիացման բուռն ջանքը, այլ նաեւ անդրադարձը հետխորհրդային տարածքի «արևներին»:

Ռոբերտ Քոչարյանը մի կողմից մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին, որ նա միակն է, որից հետո թիմ չկա, մյուս կողմից լրագրողը անմիջապես հիշեցնում է նրան, որ հետխորհրդային տարածության շատ երկրներում գործնականում բոլոր առաջնորդներն են «միակ», «արեւ», որոնց շուրջ պտտվում են մնացածը:

Այստեղ երկրորդ նախագահը պատասխանում է, որ նրանք փորձառու «արևներ» են, իսկ դա լավ է, ապահովում է առաջընթաց: