Եվրոպայի կոշտ պատասխանը Ռոբերտ Քոչարյանին ու Արփինե Հովհաննիսյանին

Lragir.am-ը գրում է.

Մարդու Իրավունքի Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության գործով, որն այլ կերպ ասած վճիռ է Մարտի 1-ի գործով:

Փաստաբան Վահե Գրիգորյանն այդ կապակցությամբ գրառում է արել համացանցի իր էջում.

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։

Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»:

ՄԻԵԴ որոշումը հատկապես ուշագրավ է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության որոշ խմբերի նախաձեռնությունների ֆոնին,

որոնք Հայաստանում նոր իրավիճակը բնութագրում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքի խախտման եւ ընդհուպ բռնապետության դրսեւորում:

Օրինակ, այդ գնահատականներն է հնչեցրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ԱԺ ներկայիս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարել էր

Հայաստանի իրավիճակի այդ հարցը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի քննության առարկա դարձնելու մասին: ԵԽԽՎ մասին խոսել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Փաստացի, ՄԻԵԴ որոշումը դառնում է պատասխան այդ գնահատականներին ու նախաձեռնություններին:

Իհարկե ԵԽԽՎ-ն եւ ՄԻԵԴ-ը միմյանց շատ մոտ են աշխարհագրորեն՝ մի քանի րոպե քայլ կատարելու հեռավորության վրա, բայց ֆորմալ առումով դրանք տարբեր ինստիտուցիոնալ հարթություններ են,

այդուհանդերձ ՄԻԵԴ վճիռը քաղաքական խորհրդանշականության տեսանկյունից ընդհուպ հարված է Ռոբերտ Քոչարյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ ընդհանրապես նախորդ համակարգի բոլոր այն սուբյեկտներին, որոնք ծրագրում են Հայաստանում «բռնապետության» հարց բարձրացնել ԵԽԽՎ առաջ:

Առայժմ այդ նախաձեռնության միակ դրական արձագանքը փաստորեն շարունակում է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արձագանքը:

Խորքային առումով Եվրոպան թերեւս գիտակցում է, թե ինչ հարվածի տակ է դրվել Հայաստանի նախորդ համակարգից եկած այդ նախաձեռնությամբ:

Բանն այն է, որ նախաձեռնությունը Եվրոպայի Խորհրդին դրել է Հայաստանում իր հանրային լեգիտիմությունը կասկածի տակ դնելու լրջագույն ռիսկի առաջ:

Այդ իմաստով ՄԻԵԴ որոշումը պատասխան կամ հարված լինելով Եվրոպան այդ ռիսկի առաջ դնող Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչներին,

ահազանգ է նաեւ հենց ԵԽ ներկայացուցիչների համար, որոնք պետք է քննարկեն այդ բողոքները: