Օլիգարխներին զինաթափում են. Ինչ է կատարվում երկրում․․․

Օլիգարխներին զինաթափում են. Ինչ է կատարվում երկրում․․․․

lragir.am-գրում է.

Ոստիկանությունը հայտարարել է, որ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ավտոմեքենաներում ինքնաձիգ և ատրճանակ է հայտնաբերել․․․

Դրանից մեկ օր առաջ ԱԱԾ-ն պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը մի ամբողջ զինանոց էր գտել․․․


Մանվել Գրիգորյանին ինչու՞ էր այդքան զենք պետք: Ինչի՞ն էր պատրաստվում: Հավանաբար, քննության ժամանակ կհայտարարվի, որ զենքը նախատեսված էր արտաքին թշնամու դեմ ռազմական գործողությունների համար․․․

Այդ դեպքում զենքը պետք էր զինապահեստներում պահել, այլ ոչ թե առանձնատանը․․․

Հայ օլիգարխները պատրաստվու՞մ էին զինված բախումների: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է, որ Էջմիածնում կարող էին բախվել Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն․․․

Վանեցյանը նշել է, որ հաշվի առնելով նրանց մոտ զենքի առկայությունը, այն կարող էր կրակել․․․

Վանեցյանն ավելացրել է, որ Մանվել Գրիգորյանից ու Դոն Պիպոյից մեծ քանակությամբ զենք է առգրավվել․․․

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն անարյուն էր: Սա, թերևս, միակ հեղափոխությունն է, որից հետո զոհերի հուշարձան չի լինի․․․

Սակայն իշխանությունը կորցնողները հավանաբար պատրաստվում էին այլ սցենարների և փոքր առիթի դեպքում երկրում արյունահեղություն կսկսվեր․․․

Չի բացառվում, որ ոմանք անհամբեր սպասում էին այդպիսի կայծի, ինչպես սահմանին կուտակված ադրբեջանական ուժերն էին Հայաստանում անկարգությունների ու անիշխանության սպասում․․․

Փառք Աստծո, խելամտությունը հաղթանակեց՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների խաղաղ մարտավարությունը, Սերժ Սարգսյանի ժամանակին տված հրաժարականը, Վովա Գասպարյանի սթափությունը եւ ՀՀԿ ինքնապահպանման բնազդը․․․

Բայց ռազմական եւ մյուս օլիգարխիան գիտեն, որ մի օր գալու են իրենց հետեւից: Այդ դեպքում զենքը կարող է պետք գալ․․․

Որքա՞ն զենք է պահպանվում օլիգարխների ու նախկին պաշտոնյաների պահեստներում ու ամառանոցներում․․․

Ինչպես այսօր նշվեց խորհրդարանում, բոլորին հայտնի է, որ օլիգարխների թիկնապահները մինչև ատամները զինված են․․․

Օլիգարխների բանակները գործողության մեջ կարելի էր տեսնել 2008 թվականի մարտի 1-ին: Հետո նրանք թաքցրին զենքը՝ մինչեւ հաջորդ իշխանափոխություն․․․

Շուտով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են եւ երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարող է ազատ ու արդար ընտրություններ անցկացվել․․․

Նրանք, ովքեր զենք ունեն եւ իշխանության գալու հնարավորություն չունեն, ինչ որ պահի կարող էին կիրառել այն․․․

Ոմանց կարող է թվալ, որ դա միակ փաստարկն է, իսկ քաոսը՝ դիրքերը պահելու միակ ճանապարհը․․․

Նախքան ընտրությունները Հայաստանում զինաթափում պետք է տեղի ունենա: Չի բացառվում, որ հենց դրանով է պայմանավորված Մանվել Գրիգորյանի տանն ու Հովհաննես Հովսեփյանի ավտոմեքենաներում խուզարկությունները: Ո՞վ է հաջորդը․․․

Նիկոլ Փաշինյանն օլիգարխերին կոչ կանի՞ կամավոր հանձնել զենքը: Մանվել Գրիգորյանի խայտառակությունը շատերի համար էր դաս․․․