Աղմուկ Իրանի հարցում. Ահա թե ինչ է ուզում ԱՄՆ-ն Հայաստանից

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի արձագանքներում բնականորեն մեծ տեղ է զբաղեցնում Իրանի թեման, այդ կապակցությամբ տարաբնույթ գնահատականներով ու դատողություններով:

Համընդհանուր տարածում ունեցողն այն է, թե Բոլթոնը Հայաստան էր այցելել Երեւանը Իրանի հանդեպ պատժամիջոցներին միացնելու ԱՄՆ ցանկությունն առաջ մղելու համար:

Երեւանում Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ սեղմելու է Իրանի շուրջ օղակը: Այդ հանգամանքը հիմք է տվել դատողությունների,

թե Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ռեգիոն, այդ թվում Հայաստան է ժամանել Երեւանն էլ այդ գործընթաց ներառելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, թե Բոլթոնը Երեւանում չի պնդել որեւէ վտանգավոր միտք,

որը կսպառնա հայ-իրանական հարաբերությանը, չի բերել նրան, որ դադարեն այդ կապակցությամբ դիտարկումները փորձագիտական եւ տեղեկատվական շրջանակներում:

Ընդ որում, այդ առումով հետաքրքիր է մի հանգամանք. երբ մինչեւ 2015 թվականը Իրանի նկատմամբ գործում էր ԱՄՆ պատժամիջոցների բավական խիստ ռեժիմը,

Հայաստանում թեման բոլորովին արդիական չէր եւ որեւէ փորձագիտական կամ տեղեկատվական շրջանակ հարց չէր տալիս, թե ինչու՞ է իշխանությունը մտել այդ ռեժիմի մեջ:

Արդյոք դա նշանակում է, որ թեմայի ներկայիս գեներացումը գալիս է այն աղբյուրից, որը մինչեւ 2015 թվականը ապահովում էր թեմայի շուրջ լռությունը:

Իրականում լռությունն անշուշտ ավելի համարժեք է իրավիճակին՝ այդ թվում մինչեւ 2015 թվականը, քան աղմուկը, եթե չկան դրա համար հիմնավոր պատճառներ:

Իսկ հիմնավոր պատճառներ ոչ միայն չկան, այլեւ վարչապետը քաղաքական հայտարարություն է անում վտանգներ ու սահմանափակումներ չլինելու մասին,

իսկ իրանագետն էլ, հղում անելով իրանական աղբյուրին՝ ասում, որ Թեհրանը Երեւանին շնորհակալություն է փոխանցել Իրանի հարցում լավ դիրքորոշման համար:

Այդ դեպքում ի՞նչ էր ուզում Բոլթոնը Իրանի հարցում: Անհամարժեք է մտածել, թե պատժամիջոցներին Հայաստանի միանալը ԱՄՆ համար ունի առանցքային նշանակություն, եւ եթե դա չլինի, ապա Նահանգների «օղակը սեղմելու» քաղաքականությունը կտապալվի:

Ավելին, Բոլթոնը, վերադառնալով ԱՄՆ, պարզ հայտարարել էր, որ օղակն ուզում են սեղմել, բայց նաեւ հաշվի են առնում բարեկամ երկրների շահերը: Իսկ այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը, ու միշտ է եղել:

Մինչեւ 2015 թվականն էլ ԱՄՆ-ն հաշվի էր առնում Հայաստանի շահերը ու դրա համար է, որ լռությունը համարժեք էր նաեւ այն ժամանակ, ի տարբերություն ներկայիս աղմուկի:

Ի վերջո, խնդիրը գուցե շատ ավելի պարզ է: Բոլթոնը Երեւանին փոխանցել է ԱՄՆ ռազմավարությունն ու նպատակները, առարկայորեն, կոնկրետ, եւ Երեւանից Նահանգներն ունի թերեւս մի կոնկրետ ակնկալիք՝ չդառնալ պատժամիջոցների «սեւ խոռոչ»,

այսինքն ստվերային մի մեխանիզմ, որի միջոցով կարվեն տարբեր մեքենայություններ, եւ «կճեղքվի» օղակը: Ինքնին հայ-իրանական հարաբերությունը ոչ միայն իր ներկայիս տեսքով ու ծավալով, այլ գուցե նույնիսկ որոշակիորեն ավելի չափով, ԱՄՆ համար «սողանցքի» խնդիր չէ:

Այլ կլինի հարցը, եթե խոսքն առնչվի շատ ավելի մեծ ծավալների, որոնք անհամարժեք կլինեն հայ-իրանական հարաբերության «քաշին»: Նահանգներին առանցքային ակնկալիքը Երեւանից դա է՝ մնալ հայ-իրանական հարաբերության տիրույթում եւ չդառնալ «սողանցքի» դաշտ:

Այդ առումով խիստ ուշագրավ է, որ Բոլթոնը Երեւանում բավական շատ էր ընդգծում Հայաստանի անկախ եւ ինքնիշխան լինելու հանգամանքը: