Հայկական «Սև ուրբաթ»․ 55 000 դրամանոց ապրանքը վաճառվել է 60 000-ով․ Բաբկեն Պիպոյան

Նոյեմբերի 23-ից մեկնարկած «Սև ուրբաթի» շրջանակում հայաստանյան բազմաթիվ խանութներում հայտարարվել են զեղչեր։

Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 24news-ի հետ զրույցում նշեց, որ ահազանգ են ստացել, որ «Սև ուրբաթ»-ի շրջանակում ապրանքն էժանանալու փոխարեն թանկացել է։

«Տգեղ միջադեպեր ենք արձանագրել․ նախորդ օրը տվյալ ապրանքը վաճառվել է 55 հազար դրամով, «Սև ուրբաթ»-ի օրը գնի ավելացում է եղել, և նույն ապրանքը զեղչի տակ վաճառվել է 60 հազարով»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ Հայաստանում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա։

Տնտեսվարողը տարբեր մեխանիզմներով կարող է մոլորեցնել սպառողին ու պատասխանատվության չենթարկվել։

«Այլ երկրներում «զեղչ» եզրույթն իրավական առումով կարգավորվում է։ Զեղչի հաշվարկման համար կարևոր է ունենալ շուկայական միջին գնի վերաբերյալ տեղեկատվություն։ Հստակ կարգավորումներ կան, թե որ դեպքերում կարող է զեղչ սահմանվել։

Եվրոպական երկրներում տնտեսվարողը չի կարող 100 հազար դրամանոց ապրանքը հաջորդ օրը 20 հազար սահմանել կամ հայտարարել զեղչ,

բայց իրականում չանել, մինչդեռ Հայաստանում կարող է նման բան լինել», — ասաց Բաբկեն Պիպոյանը և հավելեց, որ «Սև ուրբաթը» մշակույթ է, ուստի ժամանակ է պետք, որպեսզի այդ մշակույթը մտնի նաև մեր իրականություն։

«Բարձրակրունկի վրա քայլելը գեղեցիկ է, բայց երբ փոքր երեխան է բարձրակրունկի վրա քայլում, ընկնում է։

Որոշ ժամանակ անց երեխան այլևս չի ընկնում, բայց դեռ ծիծաղելի ձևով է քայլում։ Այնքան է քայլում, մինչև սկսում է նորմալ քայլել»,-համեմատեց Պիպոյանը։

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ պետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի, որպեսզի զեղչը մեզանում դառնա մշակույթ։ Իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ զեղչն իրավական սահմանում ստանա։

«Այսօր բիզնեսը ապրանքի գինը կարող է հայտարարել 10 հազար դրամ, մի քանի օր հետո վաճառել 20 հազարով, հետո 40 տոկոս զեղչ հայտարարել ու 10 հազար դրամանոց ապրանքը 12 հազարով վաճառել»,-ասաց Պիպոյանը և տեղեկացրեց, որ իրենց ՀԿ-ն մշատադիտարկում չի անում, քանի որ դա անանդյունք է։

«Բիզնեսն ասում է՝ միամիտ է այդպես ստացվել, խառն ենք եղել, օրենքն էլ ոչ մի բանով նրան չի խանգարում դա անել», — բացատրեց ՀԿ նախագահը։

Բաբկեն Պիպոյանն նաև նշեց, որ բիզնեսը չի շռայլի զեղչ հասկացությունը, սպառողի մոլորվելու հավանականությունն էլ կլինի քիչ, եթե զեղչային համակարգը կարգավորելու առնչությամբ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն լինի։