Հրատապ․ Բախում Իմ քայլը և ՄԵՆՔ դաշինքների ներկայացուցիչների միջև

ՀՀ վարչապետի խորհրդական, Իմ քայլը դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին․․․

Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են,

մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել․․․

Այս պահին ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել,

բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել:

Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է․․․

Ավելի ուշ ՄԵՆՔ դաշինքի թեկնածու, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել․․․

Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները,

որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…

Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»: