Կրեմլը հայտնեց, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը. Երկու ուշագրավ դեպք

Lragir.am-ը գրում է․

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունենալիք Պուտին-Փաշինյան հանդիպման առնչությամբ, հայտնելով,

որ դրա ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցեր, զարգացման, նաեւ եվրասիական ինտեգրացիոն միավորումներում գործակցության հարցեր․․․

Որոնք են երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը, Կրեմլի մամուլի ծառայությունը չի թվարկում․․․

Միաժամանակ կասկածից վեր է, որ դրանք կան, ու նաեւ չէին կարող չլինել, եթե մենք իբրեւ հանրություն համարում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունը ունի վերանայման անհրաժեշտություն

եւ այն մինչ թավշյա հեղափոխությունը չի համապատասխանել միջպետական հարաբերության որակների եւ բնույթի, չի արտացոլել Հայաստանի պետական շահն ու ազգային անվտանգությունն ամբողջությամբ․․․

Ընդ որում, անցնող երկու տասնամյակի ընթացքում կան դա հաստատող բազմաթիվ օրինակներ, ընդհուպ ապրիլյան քառօրյա պատերազմ․․․

Ըստ այդմ, եթե կա հարաբերությունը վերափոխելու խնդիր, ապա չեն կարող չլինել օրակարգի հանգուցային հարցեր, որոնք պահանջում են քննարկում բաց եւ փոխադարձաբար անկեղծ մթնոլորտում․․․

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել էր Պուտինի հետ հենց այդպիսի հարաբերության ձեւավորման մասին, իհարկե նշելով, թե դա չի նշանակում համաձայնություն բոլոր հարցերում, բայց կա բոլոր հարցերի վերաբերյալ անկեղծ ու բաց քննարկում․․․

Խոշոր հաշվով, հայ-ռուսական հարաբերության նենգափոխումների դրսեւորումներից մեկն էլ տարիներ շարունակ ներշնչվող այն գիտակցումն է, որ հարաբերությունը հարաբերություն է, լավ է,

եթե չկա որեւէ անհամաձայնություն, ինչն իրականում ենթադրել է անհամաձայնության մասին լռություն, իսկ լռողն էլ սովորաբար եղել է Հայաստանը․․․

Այդուհանդերձ, օրակարգը բաղկացած է իհարկե շատ կոնկրետ հարցերից բացի, դեկտեմբերի 27-ին Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ եղավ երկու հետաքրքիր տեղեկություն․․․

Մեկը տարածեց Հայաստանի Քննչական կոմիտեն, որի հաղորդագրության համաձայն սկսվում է Հայաստանի երկաթուղին կառավարող Հարավկովկասյան երկաթուղիների տասնամյա գործունեության լայնածավալ ստուգում, պարզելու համար թե քրեական դրվագները, թե այլ ֆինանսական հարցեր․․․

Ռուսական երկաթուղիները 2008 թվականին 30 տարի ժամկետով ստանձնել է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարումը: Անցել է տասը տարի, այդ կառավարման արդյունքը մեղմ ասած տպավորիչ չէ․․․

Փոխարենը Հայաստանի պետբյուջեից տարիներ շարունակ այդ ընկերությունը ստացել է վնասների տպավորիչ փոխհատուցում՝ հարյուրավոր միլիոն դրամներ․․․

Նիկոլ Փաշինյանը երկաթուղու հարցը բարձրացրել է ՌԴ նախագահի հետ դեռ նախորդ հանդիպումների ընթացքում․․․

Դրանցից մեկին ընդառաջ էլ ՊԵԿ օպերատիվ ստորաբաժանումն էր գիշերային օպերացիա իրականացրել փաստացի ռուսական ընկերության դեմ: Ընդ որում, այդ քայլը Հայաստանում գնահատվեց իբրեւ հանդուգն քայլ Պուտինի հետ հանդիպումից առաջ․․․

Փաստացի ստացվում է, որ դեկտեմբերի 27-ի հանդիպումից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն, անուղղակի իհարկե, բայց կատարում է «հանդուգն» քայլ՝ հայտարարում 2008-18 թվականների գործունեության լայնածավալ ստուգման մասին․․․

Իրականում սակայն, դեմարշային տրամաբանությունը որոշակիորեն հետ է մղվում, երբ դիտարկում ենք հնարավորությունը, որ կա հանգուցային խնդիրները իսկապես բաց ու անկեղծ քննարկելու եւ իրավիճակը հասկանալու փոխադարձ տրամադրվածություն․․․

Ընդ որում, այս տեսանկյունից կա նաեւ տարածված մտայնություն, որ այդպիսի փոխադարձությունը Ռուսաստանի համար անընդունելի է, քանի որ Մոսկվան չի հանդուրժի Երեւանի հետ հավասարը հավասարի, փոխադարձ ինքնիշխանության սկզբունքով որեւէ քննարկում․․․

Անշուշտ, այդ մտայնությունը նաեւ բոլորովին անհիմն չէ, սակայն ամբողջ հարցն էլ այն է, որ Մոսկվային ի վերջո այդ իրավիճակին բերելու մեջ պետք է լինի նաեւ Հայաստանի լեգիտիմ իշխանության տարբերությունը ոչ լեգիտիմ իշխանությունից․․․

Առավել եւս, որ լեգիտիմ իշխանությունը սկզբունքորեն ոչ միայն չի մերժում դաշնակցային հարաբերությունը, այլ գործնականում ներկայանում է հենց այդ անունից․․․

Մյուս տեղեկությունը դարձյալ «գալիս» է 2008-ից: Նախօրեին պաշտոնապես հաստատվեց, որ Մարտի 1-ի գործի մեղադրյալ, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: Գործնականում այդ քաղաքացիությունը նրան պաշտպանում է Հայաստանում իրավական գործընթացից․․․

Բայց քննչականից զատ, կասկածից վեր է, որ այստեղ եւս կան երկկողմ հանգուցային հարցեր, որոնք վարչապետ Փաշինյանը թերեւս պետք է քննարկի Պուտինի հետ․․․

Խոսքն ընդհանրապես Հայաստանի իշխող նախկին համակարգի եւ ՌԴ ներկայիս վերնախավի հարաբերությունների բնույթի մասին է,

այն առումով նաեւ, թե այդ հարաբերությունն ինչպես պետք է պահպանվի, որ խնդիրներ չառաջացնի համաշխարհային ու ռեգիոնալ նոր իրողություններում միջպետական հարաբերության համար, որը պետք է կառուցվի փոխադարձ ինքնիշխանության հարգանքի վրա․․․