Հիմա Իրանում 1397թ-ն է. կիսվեմ մի քանի հետաքրքիր փաստերով, որ տեսա Իրանում

Կիսվեմ մի քանի հետաքրքիր փաստերով, որ տեսա Իրանում․

1. Իրանում 1397թ․-ն է, իրենք հաշվում ենք 622 թվականից, երբ Մուհամեդը քարոզել է Իսլամը․․․

2. Ամենամեծ արդյունաբերական քաղաքը Ջուղան է, որտեղ ամբողջն արտադրական գործարաններ են և արտադրում են գրեթե ամեն ինչ․․․

3. Գրեթե բոլոր քաղաքներում՝ Ջուղա, Թավրիզ, Թեհրան և այլ չես հանդիպի գովազդային վահանակների, ամբողջը դատարկ է, պատճառն այն է, որ գովազդը շատ թանկ է և շատ քիչ ընկերություններ են պատրաստ վճարել դրա համար․․․

Միակ գովազդը, որ հանդիպում է, Baby Boy բրենդի գովազդն էր (ենթադրում եմ՝ հարուստ ֆիրմա է)․․․

4. Ողջ Իրանի տարածքում ամբողջ առևտուրն իրականացվում է անկանխիկ, նույնիսկ ամենափոքր բուտկաներում կան քարտային վճարման սարքեր: Կանխիկ առևտուր գրեթե չի արվում․․․

5. Իրանական թղթադրամն ունի երկակի կիրառություն․ թղթադրամի վրա գրվում է ռեալով, բայց ամբողջ առևտուրն անում են թումանով: Սա տուրիստի համար իրականում շատ մեծ դժվարություն է առաջացնում․․․

6. Սերվիսը շատ թույլ է, կարելի է ասել՝ գրեթե բացակայում է։ Պատճառը նաև այն է, որ մրցակցություն գրեթե չկա, բնակչությունը մոտ 81 մլն է, և «ինչ վաճառես, կծախվի» վիճակն է․․․

7. Քաղաքում շատ են ավտոբուսները, որոնք զսպանակով բաժանվում են երկու մասի․ մի մասում միայն իգական սեռն է, մյուսում՝ միայն արական․․․

8. Այդքան մեծ քաղաքում, մասնավորապես՝ Թեհրանում, բացարձակ խցանում չկար, քաղաքային տրանսպորտի համար կան առանձին երթուղիներ, որով այլ տրանսպորտային միջոց իրավունք չունի երթևեկելու․․․

9. Ամենատարածված կերակուրը բրինձն է, գրեթե ամեն ինչի հետ ուտում են, իրենց մոտ բրինձն ունի այն նշանակությունը, ինչ մեզ մոտ հացը․․․

10. Շքեղ բրենդային խանութներ և սրճարաններ գրեթե չկան․․․

11. Փողոցներում գրեթե չես հանդիպի թանկարժեք մեքենաների, ամենատարածվածը «Պեժոն» է, որն արտադրվում է հենց Իրանում: Երկիրն ամեն սահմանափակում կիրառում է, որպեսզի սպառվեն միայն տեղական արտադրության մեքենաները․․․

12. Իրանը բացառապես կրոնական երկիր է, գլխավոր կուսակցությունն Իրանի իսլամական կուսակցությունն է, ու ի զարմանս մեզ, այնտեղ ընդդիմություն չկա․․․

Ինչպես տեղացիներից ասացին, ժամանակին եղել է, այնուհետև բոլորին կալանավորել են ըմբոստությունների համար, և հիմա այլևս չկա․․․

13. Թեհրանում է գտնվում ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որն առանձանում է իր շքեղ բնակարաններով, ավտոմեքենաներով և հայերին բնորոշ ճոխությամբ․․․

14. Իրանցին երբեթ չի ասում ՈՉ, հետևաբար հատկապես բիզնեսում պետք է շատ ուշադիր լինել․ «ոչ» չի ասի, բայց նաև չի անի․․․

15. Երեկոյան ժամը 10-ին փակվում են հագուստի և սննդի բոլոր խանութները, իսկ 11-ին՝ նաև ռեստորաններ, սրճարաններ և այլն․․․

16․ Բոլոր արաբական երկրներում, բացի Լիբանանից, հինգշաբթին կես օր է, իսկ ուրբաթը՝ հանգստյան օր: Սա ևս շատ կարևոր է բիզնես համագործակցության ժամանակ իմանալ․․․

17. Եթե դու որոշել ես գնալ Իրան, պատրաստվիր սովորել իրենց լեզուն, գրեթե ոչ ոք անգլերեն չի խոսում, շատ հազվադեպ կարելի է հանդիպել․․․

Ընդհանուր առմամբ, եթե մեկ նախադասությամբ նկարագրեմ, Իրանն ինքնաբավ երկիր է, որտեղ ներքին արտադրությամբ կարողանում է ապահովել իր ներքին սպառումը,

գրեթե ջանք չի գործադրում տուրիստներ ներգրավելու վրա․ դրա կարիքը չունի, ինչ արտադրում է, տեղում սպառվում է։ Ունեն շա՜տ փող, բայց չեն սիրում շքեղություն և լավ ծախսել․․․

ՀԳ․ Առաջիկայում կանդրադառնամ նաև ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին․․․

Ծովինար Սարգսյանի ֆեյսբուքյան էջից