Դրա համար էլ ծպտունները չի լսվում

Lragir.am-ը գրում է․

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ինչո՞վ եք զբաղվում այս օրերին, ինչո՞վ է զբաղվում ՀՀԿ-ն, կուսակցությունն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի։

Քանի դեռ նոր տարին չի անցել, շնորհավորում եմ բոլորիս անցած տոների առթիվ և մեր ժողովրդին, մեր պետությանը մաղթում եմ խաղաղություն, կայունություն ու նոր ձեռքբերումներ։ Ինչ վերաբերում է ինձ, նախ՝ շարունակելու եմ դասավանդել, միգուցե ծանրաբեռնվածությունը մի քիչ ավելանա․․․

Բնականաբար, շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը ՀՀԿ-ի հետ համատեղ։ Իմ քաղաքական պլանները չեն փոխվել։ Ես դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո շնորհակալություն եմ հայտնել ընտրողներին ինձ սատարելու, աջակցելու համար և նշել, որ մենք մեր գաղափարների, մեր ծրագրերի համար պետք է պայքարենք․․․

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այն աստիճանաբար վերադառնում է քաղաքական հուն, ՀՀԿ կենտրոնական գրասենյակը նորմալ աշխատում է, մենք քննարկում ենք մեր անելիքները։ Մենք չենք սահմանափակվելու բացառապես Փաշինյանի կառավարությանը քննադատելով, մենք մեր սեփական քաղաքական օրակարգն ենք մշակելու, մեր օրակարգով ենք հանդես գալու հանրության առջև․․․

Առաջնայինը, բնականաբար, անվտանգությունն է, Հայաստանի և Արցախի սահմանների ամրությունը, Արցախի հարցում բանակցությունները, Արցախի շահերի պաշտպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ու քրիստոնեական արժեքների պաշտպանությունը․․․

Մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն, իսկ իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Փաշինյանի կառավարությունը և այս 8 ամիսներին վարվող քաղաքականությունը, իսկ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դա չեն արել։ Այս պայմաններում իրական ընդդիմադիր բևեռ լինելու բեռը շարունակում է իր ուսերին կրել ՀՀԿ-ն․․․

Ընտրություններում պարտությունից հետո ՀՀԿ-ն շոկից դուրս եկե՞լ է՝ հաշվի առնելով, որ դուք վստահ էինք, որ կհաղթահարեք նվազագույն շեմը և կանցնեք խորհրդարան։

Ես կարծում եմ, որ շոկի մեջ են նրանք, ովքեր գուժում էին ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, ովքեր հայտարարում էին, որ ՀՀԿ-ն զրո ձայն ունի։ Նրանք տեսան, որ իրենց կազմակերպած խայտառակ, վախի մթնոլորտում և հակաքարոզչական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն 60 հազար ձայն ստացավ․․․

Դրա համար ծպտունները չի լսվում։ Ինչ շոկի մասին է խոսքը։ Ես դեռ դեկտեմբերի 10-ին հայտարարել եմ, որ սա ՀՀԿ-ի վերածննդի օրն է․․․

Բոլոր արժող-չարժողները, որոնք քննադատում էին ՀՀԿ-ին, մի բան հասկացան, որ հակաքարոզչության, վախի, պետության ղեկավարի կողմից ՀՀԿ-ի դեմ իրականացրած հստակ հակաքարոզչության և ճնշումների, նման խայտառակ ընտրություններ արդյունքում ՀՀԿ-ն 4-րդ տեղն է գրավել․․․

Սա այն դեպքում, երբ բոլորն ասում էին՝ ՀՀԿ գոյություն չունի։ Իրականում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ոչ միայն գոյություն ունի, այլ լիքն ասելիք ու անելիք ունենք քաղաքական դաշտում և դա անելու ենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն Հայաստանի ու Արցախի․․․

Ինչո՞ւ եք խայտառակ բնորոշում ԱԺ վերջին ընտրությունները, երբ շատերն այն աննախադեպ դրական են բնորոշում ընտրախախտումների բացակայության և թափանցիկության առումով։

Ժողովրդական ասացվածք կա՝ վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում։ Ի՞նչ աննախադեպ ընտրություններ։ Աննախադեպ է եղել ճնշումների առումով, աննախադեպ է եղել ասֆալտին փռելու, վախեցնելու առումներով։ Այն, ինչ ես ասել եմ իմ ուղիղ եթերների, քարոզարշավի ժամանակ, մնում եմ նույն կարծիքին․․․

Պետության ղեկավարն իր քարոզչությունն սկսել է ՀՀԿ-ի հակաքարոզչության վրա։ Ասում էր՝ վզներիցդ կբռնեմ և այլն։ Ես հիմա դրանց մասին չեմ ուզում խոսել, դա անցյալ է, ես առաջ եմ նայում, բայց որ ասում եք աննախադեպ, այո, աննախադեպ է եղել, բայց աննախադեպ են եղել ճնշումները, հակաքարոզչությունը, չեն եղել հավասար հնարավորություններ, ամեն ինչ արվել է ՀՀԿ-ին հնարավորինս քիչ ձայն տալու համար․․․

Դուք լսե՞լ եք, որ մեկ այլ կուսակցության մասին իշխանությունն ու վարչապետն ասեն՝ դուք չեք անցնելու։ Իրենց քարոզչությունը ոչ թե եղել է սեփական ծրագրերը ներկայացնելու համար, այլ ՀՀԿ-ի հակաքարոզչության․․․

Վարչապետն ու թիմը որևէ ծրագիր չեն ներկայացրել։ Իրենց ամբողջ քարոզչությունը հիմնված է եղել ՀՀԿ-ին սևացնելու վրա։ Հիմա ՀՀԿ-ն այլևս խորհրդարանում չէ, հեսա կտեսնեն, թե այդ «հրաշալի» Փաշինյանի կառավարությունն ու խորհրդարանն ինչ են անելու․․․

Մյուս կողմից, այս ընտրություններում, ի զարմանս իրենց, աննախադեպ է եղել ՀՀԿ-ի ստացած քվեն, որ նման գեստապոյական ճնշման արդյունքում ՀՀԿ-ն այսքան ձայն է հավաքել։ Փառք ու պատիվ և այն 60 հազար քաղաքացիներին, ովքեր այդ հակաքարոզչության, այդ ատելության, այդ ճնշումների մթնոլորտում ձայն են տվել ՀՀԿ-ին․․․

Նախևառաջ փառք ու պատիվ մեր ընկերներին, ովքեր ինձ ու իմ ընկերներին քաղաքական խրամատային պայքարում մենակ չթողեցին։ Մենք ապացուցեինք, որ մենք և ասելիք ունենք, և անելիք։ Եթե Հայաստանում կա թեկուզ մեկ քաղաքացի, ով պատրաստ է լսել իմ կարծիքը, ես դրա համար մնալու եմ քաղաքականության մեջ․․․

Իսկ այսօր ոչ թե կա մեկ քաղաքացի, այլ առնվազն 60 հազար քաղաքացի, ովքեր պատրաստ են լսել, աջակցել ինձ ու իմ քաղաքական թիմին, հետևաբար, ես իրավունք չունեմ անելու այլ բան, ինչ արել եմ այսքան տարիների ընթացքում։ Ես պարտավոր եմ լինել քաղաքականության մեջ իմ պետությանը, իմ ժողովրդին արդյունավետ ծառայելու համար․․․

ՀՀԿ-ն լքողների հոսքը չի դադարում։ Երբ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀԿ-ի անդամ, ասում էիք, որ նա ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչներից է, բայց հիմա նա էլ լքեց ՀՀԿ-ն։ Հիմա ինչպե՞ս եք գնահատում Կարապետյանների և մյուսների՝ ՀՀԿ-ն լքելը։

Նախ՝ քաղաքականության մեջ գնալը, գալը, դուրս գալը, բնական երևույթներ են։ Նիկոլ Փաշինյանն էլ ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչներից մեկն էր, բայց լքեց ՀԱԿ-ը։ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը ընդամենը 1-1,5 տարի առաջ անբաժանելի եռյակ էին, բայց վերջին ընտրություններին գնացին առանձին-առանձին․․․

Ե՞րբ է լինելու ՀՀԿ համագումարը եւ ի՞նչ փոփոխություններ կլինեն։

Ես կարծում եմ, որ ղեկավար կազմում կլինեն փոփոխություններ, բայց եթե կոնկրետ ղեկավարի մասին է խոսքը, իմ համոզմամբ ու իմ կարծիքով, մեր ղեկավար Սերժ Սարգսյանը և ասելիք, և անելիք ունի քաղաքականության մեջ․․․

Բոլոր նրանք, որոնք Սերժ Սարգսյանին համարում են անցյալի գործիչ, չարաչար սխալվում են։ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ու պետական գործիչ, իմ խորին համոզմամբ, ունի լուրջ ասելիք ու լուրջ անելիք՝ ՀՀԿ-ի հետ միասին․․․

Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ն արդեն այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ հաշվի առնելով, որ այն քառյակը, որ որոշակիորեն ՀՀԿ-ից առանձնացել էր, հիմա մեդիադաշտում գնումներ է անում, հեռուստաընկերություն ու կայք է ձեռք բերում և տեսակետ կա, որ կարող է վերածվել ՀՀԿ քարոզչամեքենայի։

Ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նախ՝ քառյակի իմ ընկերներին հաջողություն եմ մաղթում իրենց նոր գործունեության ոլորտում, ինչպես իրենք են ասում, որպեսզի ավելի արդյունավետ ծառայեն պետությանը․․․

Մյուս կողմից, նրանք քարոզչության ընթացքում որևէ մասնակցություն չեն ունեցել, իրենք են ընտրել այդ ճանապարհը։ Մեր կուսակցությունում կար մի քանի տարբերակ, ես առաջիններից էի, որ ասում էի՝ կուսակցությունը պարտավոր է մասնակցել ընտրություններին․․․

Քառյակի ներկայացուցիչներն այլ կերպ էին կարծում։ Այնտեղ էլի կային մարդիկ, որ չմասնակցեցին, բայց ոչ մի բան չհայտարարեցին, միգուցե ապագայում հայտարարեն, չեմ կարող ասել։ Ամեն մեկը որոշում է քաղաքականության մեջ իր անելիքը։ Ես էլ ոչնչով կաշկանդված չեմ և ոչ էլ որևէ մեկը կարող է ինձ կաշկանդել․․․

Դուք շարունակում եք պնդել, որ ճի՞շտ էր ընտրություններին մասնակցելը։

Իհարկե, ճիշտ էր։ Եթե մենք չմասնակցեին, ինչքան նավթալինոտ, իրենից որևէ բան չներկայացնող գործիչ կար, ինչքան քաղաքականությունից կիլոմետրերով հեռու գործիչ կար, ասում էին՝ ՀՀԿ-ն ասելիք ու անելիք չունի։ Թեկնածություն դրեցին, տեսանք, ինչքան են հավաքել դրանք։

Ես ասում եմ՝ եթե ՀՀԿ-ն չմասնակցեր ընտրություններին, ամեն արժող-չարժող պետք է ասեր՝ դե ՀՀԿ-ն ձայն չուներ, սկի 1000 ձայն չէր հավաքելու, դրա համար էլ չմասնակցեցին, վախեցան։ Իսկ ես ասում եմ՝ եթե դու քաղաքական ուժ ես, պարտավոր ես պայքարել։

Ո՞վ ասաց, որ Շարմազանովը պետք է ամբողջ կյանքում ունենա պատգամավորի մանդատ, լինի ԱԺ փոխնախագահ։ Ինձ համար քաղաքականությունը գաղափարի պայքար է։ Եթե այդպես չլիներ, ապա նրանք, որոնք չեն անցնում խորհրդարան, պետք է ինքնասպան լինեն։

Քաղաքականություն կա և խորհրդարանում, և խորհրդարանից դուրս։ Մանավանդ այսօրվա խորհրդարանի պայմաններում, որտեղ օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ Փաշինյանին խիստ արմատական ընդդիմություն ԱԺ-ում չկա։

Որքան էլ հիմա մեր գործընկեր Էդմոն Մարուքյանը քննադատի իշխանություններին, գլոբալ առումով իրենք հեղափոխության կողմնակիցներն են եղել, այս 8 ամիսներին Փաշինյանին պաշտպանել են։ Փաշինյանը Ազգային ժողովին ինչ ասես ասել է, հոկտեմբերի 2-ին խորհրդարանը պաշարել է, դրանից առաջ օգոստոսի 17-ին դիկտատորական ելույթներ է ունեցել, բայց որևէ մեկը ԱԺ անցած կուսակցություններից որևէ բան չի ասել։

Ինձ համար ընդդիմությունը հովհարային անջատումներով չի լինում, եթե դու ընդդիմություն ես, ուրեմն ընդդիմություն ես։ Իսկ այսօր ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», որքան էլ հարգանք ունեմ երկուսի հանդեպ էլ, նրանք ռադիկալ ընդդիմություն Փաշինյանին չեն եղել և չեն կարող լինել։

Այդ իմաստով մեծ է ՀՀԿ-ի դերակատարումը, ինչպես նաև այլ ուժերի, օրինակ ՀՅԴ-ի, որոնք այս ամիսներին իրենց սկզբունքայնությունը և իրենց անհամաձայնությունն օրվա իշխանություններին արտահայտել են։ Իսկ որ տարբեր մարդիկ դուրս են գալիս, դա էլ նորմալ է։

Այն մարդիկ, որոնք ժամանակին սպասարկում էին ՀՀԿ-ին, այս ընտրությունների ժամանակ սպասարկեցին Փաշինյանին։ Ես ամբողջ կյանքում չեմ հասկացել մարդկանց, որոնք ասում են՝ ես ընդդիմադիր գործիչ եմ կամ իշխանական գործիչ եմ։ Իշխանական քեզ սարքում է ժողովուրդը։

Դուք ՀՀԿ-ն համարում եք առանցքային ընդդիմադիր ուժ։ Հիմա ձեր ուժը հրապարակային ի՞նչ գործունեություն է ծավալելու։ Լինելո՞ւ է օրինակ հանրահավաքային պայքար։

ՀՀԿ-ն շատ լուրջ քաղաքական ուժ է և չի ձևավորվել անձի շուրջ։ Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձևավորվել է Էդմոն Մարուքյանի անձի շուրջը, ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի։

Բացի ՀՅԴ-ից, որ դասական քաղաքական ուժ է, ՀՀԿ-ն Հայաստանի նորագույն պատմության մեջ եզակի քաղաքական ուժն է, որ ոչ թե անձի շուրջ է ձևավորվել, այլ գաղափարի։ Մեք ունեցել ենք ուժեղ լիդերներ, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ կենսագրություն է՝ Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան։

Բայց ՀՀԿ-ն մարդ-կուսակցություն չէ, այն նախևառաջ գաղափար է։ Դրա համար ՀՀԿ-ի գործունեության հիմքում պետք է լինի պետական ու ազգային շահերի պաշտպանությունը։ Նախևառաջ, Արցախի հարց, Հայաստանում ազգային, արժեքային համակարգ, մեր անվտանգություն։

Բնականաբար, այդ ամենը կարելի է անել լինելով ընդդիմություն։ Ինքնանպատակ փողոց դուրս գալը, ճանապարհներ փակելը, կպչուն ժապավենով տեսախցիկները փակելը, նման ինքնանպատակ բաներ ՀՀԿ-ն չի անելու։

ՀՀԿ-ի ցանկացած գործունեության հիմքում պետք է լինի գաղափար, արդյունավետություն ու բովանդակություն։ Մենք չենք բացառում օրենքով սահմանված կարգով որևէ գործիքակազմի բացակայություն, բայց այդ ամենը պետք է արվի ճիշտ ժամանակին, եթե դրա կարիքը լինի։

Մենք պետք է շատերին ապացուցենք, որ կարելի է լինել ընդդիմություն՝ սիրելով պետությունը և ամեն ստից բանի համար չքննադատել իշխանությանը։ Մենք, այո, շատ խիստ քննադատելու ենք իշխանություններին, բայց մենք չենք լինելու պրիմիտիվ ընդդիմություն։

Մենք սեփական քաղաքական օրակարգ ենք բերելու քաղաքական հրապարակ և մեր սեփական սեփական քաղաքական օրակարգը պետք է լինի շատ լայն՝ տնտեսականից մինչև արտաքին քաղաքականություն, անվտանգությունից մինչև արժեքային համակարգ, Արցախից մինչև Ցեղասպանության ճանաչում։

Այդ ընթացքում եթե մենք ունենանք դաշնակիցներ, եթե կլինի գաղափարական ընդհանրություն, խնդրեմ, որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց մեր գործունեության հիմքում ընկած է լինելու Հայաստանի ու Արցախի շահը։