Այս անգամ հայկական բանակը չի ազատի Ռուսաստանին. Զախարովան խոստովանել է ծաղրը

Lragir.am-ը գրում է․

Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը հակասում է ռուս-ադրբեջանական հարաբերության ոգուն, հունվարի 11-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան․․․

Նա ուշագրավ է համարել սոցցանցերում բազմաթիվ հրապարակումները այդ խնդիրների մասին, թե ինչպես է Ադրբեջանը էթնիկ պատկանելությունից ելնելով խտրական վերաբերմունք ցուցաբերում եւ օրինակ արգելում ՌԴ այդ քաղաքացիների մուտքը Ադրբեջան․․․

Զախարովան հայտարարել է նաեւ, թե Ադրբեջանի ղեկավարությունը հանդիպումների ընթացքում հավաստիացրել է, որ խնդիրը կշտկվի․․․

Խոշոր հաշվով Զախարովան կամա, թե ակամա խոստովանել է, որ Ադրբեջանի իշխանությունն ուղղակի ծաղրում է Մոսկվային: Հակառակ պարագայում, օրինակ երկու տարվա ընթացքում «շտկված» կլիներ ՌԴ ազգությամբ հայ քաղաքացի Մարատ Ուելդանովի խնդիրը․․․

Հասկանալի է, որ էթնիկ ծագման պատճառով խտրականության հարցը գերազանցապես վերաբերում է հայերին եւ Բաքուն ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ է ցուցաբերում այն: Ընդ որում, խոսքը ոչ միայն Ադրբեջան մուտքի արգելքն է․․․

Ադրբեջանն անգամ ձերբակալել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու՝ Մարատ Ուելդանովին, որի հարազատները արդեն երկու տարի ազդարարում են այդ մասին եւ խնդրում ՌԴ իշխանությանը միջամտել ու ազատել նրան ադրբեջանական բանտից․․․

Բայց Մարատ Ուելդանովը 2016 թվականից գտնվում է ադրբեջանական բանտում: Նրան ձերբակալել են իբրեւ թե թմրանյութի իրացման համար, սակայն նրա հարազատները պնդում են, որ բուն պատճառը նրա ազգությամբ հայ լինելն է եւ Բաքուն կասկածում է լրտեսության համար․․․

Նույն Զախարովան մի քանի անգամ հայտարարել է, թե ուշադրությամբ հետեւում են Ուելդանովի գործին: Դե, Ռուսաստանին կարծես թե չի մնացել այլ բան, քան հետեւելը․․․

Հոկտեմբերին Երեւանում անցկացված Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի երկրներին էր դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը, Ուելդանովի խնդրով․․․

Դա եւս խորհրդանշական է եւ համագումարը գործնականում ապտակ էր հասցնում Ռուսաստանին, որի քաղաքացուն օգնելու համար Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականները դիմում են Ֆրանկոֆոնիայի երեւանյան Վեհաժողովի մասնակիցներին․․․

Ադրբեջանի առաջ Ռուսաստանի անզորությունը ամենեւին զարմանալի չէ: Եթե ՌԴ ազգությամբ հայ քաղաքացի Ուելդանովը բանտարկված է Ադրբեջանում ֆիզիկապես, այսպես ասած դե յուրե, ապա ՌԴ-ն դե ֆակտո արդեն մի քանի տարի շարունակ է գտնվում ադրբեջանա-թուրքական բանտարկության մեջ՝ քաղաքական կամ ռազմա-քաղաքական բանտարկության․․․

Ազատության գինը, որ դրվում է ՌԴ առաջ, Հայաստանի շահերն են: Մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյան Մոսկվան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխույժ առեւտրի մեջ էր այդ հարցում, ինչն էլ հենց հանգեցրեց քառօրյա պատերազմի, որի շնորհիվ Մոսկվան ակնկալում էր ի վերջո ստանալ որոշակի ազատություն, երբ Բաքուն ու Անկարան մի քիչ էլ Մոսկվայի շահը կհարգեին․․․

Իրականում Ռուսաստանը ստացավ ազատություն, բայց ոչ թե Բաքվի ու Անկարայի, այլ հայկական բանակի եւ Հայաստանի հանրության կամավորական ջանքի շնորհիվ, երբ տապալվեց Ադրբեջանի ռազմական սադրանքը․․․

Մոսկվան հայերին իր ազատության համար շնորհակալություն հայտնեց Իսկանդերով, սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար սկսեց նոր առեւտուրը Անկարայի ու Բաքվի հետ, իհարկե այս անգամ նկատելիորեն զգույշ․․․

Բայց ակնառու է, որ պայմանները շարունակում են թելադրել Անկարան ու Բաքուն, որոնք հույս ունեն, որ այս անգամ կստացվի: Իսկ Մոսկվան հույս ունի, որ այս անգա՞մ էլ հայերը կփրկեն ու կպարգեւեն ազատություն, վճարելով գինը Մոսկվայի փոխարեն․․․

Այդ հույսն իզուր է՝ այս անգամ հայերն ազատություն են ձեռք բերելու իրենց համար, որովհետեւ 2018-ի ապրիլին հեռացրել են այն համակարգը, որն այդ ազատությունը փոխանակում էր իշխանության հետ․․․

Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական բանտարկությունից Ռուսաստանի ազատությունը կախված է բացառապես հայերի այդ քայլն ամբողջական, անվերապահ ճանաչման արժանացնելուց, առանց երկդիմի խաղերի․․․