Խնդիր ԲՀԿ եւ Լուսավոր Հայաստանի համար. Շնորհքով ներխուժում

Lragir.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ եւ Լուսավոր Հայաստան խմբակցություններն առաջարկում են ստեղծել Եվրասիական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողով` պատճառաբանելով, թե բաց է այդ ուղղությամբ աշխատանքի հարցը, մինչդեռ փորձը ցույց է տվել, որ ԵՏՄ-ում առաջանում են տարաբնույթ խնդիրներ․․․

Փորձն այո, դա ցույց է տվել, մյուս կողմից սակայն արդյո՞ք այդ խնդիրների լուծման էֆեկտիվ մեխանիզմը ԱԺ նոր հանձնաժողովի ստեղծումն է,

թե՞ դրանով երկու խմբակցությունները փորձում են ընդամենը լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ մի կողմից խորհրդարանում հավակնել լրացուցիչ հանձնաժողովի ղեկավարման, մյուս կողմից՝ հաղորդագրություն հղել Ռուսաստանին․․․

ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստան կուսակցությունները խորհրդարանի ընդդիմություն են: Բայց նաեւ հարց է, թե ու՞մ են նրանք ավելի ընդդիմություն՝ Իմ քայլը մեծամասնությա՞նը, թե՞ միմյանց․․․

Ակնառու է, որ նրանք պայքարելու են հանրության ընդդիմադիր համակրանքի համար: Միաժամանակ պայքարելու են նաեւ արտաքին գործընկերների համակրանքի համար․․․

Դա էլ ի վերջո նորմալ է, որովհետեւ արտաքին քաղաքականության, արտաքին գործընկերների հետ շփումների հարցում պետք է աշխույժ ու պատասխանատու լինի նաեւ ընդդիմության դիրքում հայտնված քաղաքական ուժը․․․

Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք արտաքին առումով ավելի լավ եւ հեռանկարային գաղափար չկա, քան ԵՏՄ հանձնաժողով ստեղծելը: Ի՞նչ է անելու հավելյալ հանձնաժողովը, որ հնարավոր չէ անել եղած ֆորմատներով, օրինակ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի․․․

Ընդ որում, թերեւս բացարձակ անիմաստ է նաեւ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի գոյությունը: Ազգային ժողովը արտաքին հարաբերությունների իմաստով ունի եւ թերեւս պետք է ունենա մեկ հանձնաժողով,

իսկ առանձին ուղղություններով աշխատանքի համար կան պատվիրակությունների ձեւաչափերը: Օրինակ, կա ՆԱՏՕ ԽՎ պատվիրակությունը, կամ ԵԽԽՎ պատվիրակությունը․․․

Ի տարբերություն դրա, ԵՏՄ-ն օրինակ չունի Խորհրդարանական Վեհաժողովների հարթակ: Նույն հարթակը բացակայում է նաեւ ՀԱՊԿ-ում․․․

Գուցե պետք է սկսել ոչ թե Հայաստանի ԱԺ-ում հավելյալ հանձնաժողով ստեղծելուց, այլ բարձրացնել Խորհրդարանական Վեհաժողովի հարթակի հարց ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում, այդ կառույցներում բարձրացնելով խորհրդարանական աշխատանքի եւ դերակատարման հնարավորությունը․․․

Այլապես ու՞մ հետ է աշխատելու նորաստեղծ ԵՏՄ հանձնաժողովը՝ ԵՏՄ առանձին անդամների հետ: Ինչու՞ չի կարող այդ երկկողմ աշխատանքը իրականացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջոցով: Իսկ այդ հանձնաժողովը պետք է ուժեղացնել․․․

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը թերեւս պետք է լինի խորհրդարանի առանցքային ֆորմատներից մեկը, հատկապես նկատի ունենալով Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելը: Ըստ այդմ առավել եւս անհրաժեշտ է եղած դիվանագիտական ռեսուրսը կենտրոնացնել այդ հանձնաժողովում:

Իսկ ՀԱՊԿ ու ԵՏՄ ուղղությամբ Խորհրդարանական Վեհաժողովների հարցը կարող է լինել Հայաստանի նոր խորհրդարանի աշխատանքային օրակարգի կարեւոր կետերից մեկը՝ հատկապես հաշվի առնելով այն խորքային քննարկումների հարցը, որ Հայաստանն այդ կառույցներում առաջ է բերել գործադիր իշխանության մակարդակում․․․

Այդ իմաստով, Հայաստանի խորհրդարանն անշուշտ պետք է ավելի աշխույժ ներգրավվի այն ինտեգրացիոն ուղղություններում Հայաստանի խնդիրների լուծմանը, որոնց անդամակցում է Հայաստանը․․․

Իսկ, ի տարբերություն եվրոպական ուղղությամբ խորհրդարանական աշխատանքի հարթակների առատությանը, եվրասիական ուղղության վրա խորհրդարանական աշխատանքի հնարավորությունները թերեւս հենց միտումնավոր են սահմանափակված, քանի որ այստեղ միանձնյա իշխանության ավանդույթների եւ մշակույթի գոտի է․․․

Հայաստանը թավշյա հեղափոխությամբ դուրս է գալիս այդ մշակույթից եւ ըստ այդմ, խորհրդարանական աշխատանքի հարթակների ձեւավորումը Հայաստանի համար կլինի իր նոր հնարավորությունները եվրասիական շրջանակում արդյունավետ կիրառելու կարեւոր միջոց,

կամ այսպես ասած այդ գործիքով եվրասիական շրջանակ «ներխուժելու» միանգամայն քաղաքական, քաղաքակիրթ, շնորհքով տարբերակ․․․