Բաղրամյան 19-ում սկսվեց անխուսափելին․ Ինչ է կատարվել․․․

Lragir.am-ը գրում է․

Հունվարի 14-ին մեկնարկեց Հայաստանի նոր խորհրդարանի աշխատանքը, որի առաքելությունը պետք է լինի թավշյա հեղափոխությունն ավարտելն ու տնտեսա-քաղաքական, արժե-մշակութային հեղափոխություն սկսելը…

Դա գործնականում լինելու է շատ ավելի բարդ, որովհետեւ ի տարբերություն այն հանգամանքի, որ հանրության մեջ կար թավշյա հեղափոխության գրեթե տոտալ նախադրյալ, պահանջարկ, շարժառիթ,

տնտեսա-քաղաքական եւ առավել ևս արժե-մշակութային հեղափոխության հանրային նախադրյալները, պահանջարկը կամ շարժառիթը ամենեւին տոտալ չէ…

Ավելին, իրավիճակն այդ առումով այնպիսին է, որ բավական շոշափելի է անգամ դիմադրության օջախների առաջացման վտանգը…

Մյուս կողմից, դրանք առաջանալու են անկախ այն հանգամանքից՝ կգնա՞ նոր խորհրդարանը խորքային ռեֆորմների, թե ոչ․․․

Եվ էլ ավելին՝ այդ օջախների առաջացումն ու հատկապես դրանց քայքայիչ ազդեցությունն առավել մեծ է լինելու ռեֆորմների բացակայության կամ հապաղման պարագայում․․․

Մյուս կողմից, անշուշտ շատ կարևոր է, թե ինչպիսին է ռեֆորմների վերաբերյալ պատկերացումն ու նաև դրանք հանրությանը մատուցելու կարողությունը․․․

Մատուցելու այնպես, երբ հանրային շերտերի համար կլինի համոզիչ, որ անգամ որոշակի ցավային զգացողություններ պարունակող որեւէ ռեֆորմ խորքային ու երկարաժամկետ առումով պարունակում է հանրության համար լայն ու մեծ հնարավորություններ և ամենևին նախատեսված չէ լոկ «էլիտար» շրջանակների համար․․․

Դա էլ իր հերթին առաջնային է դարձնում այն հարցը, թե ինչպիսի արժե-մշակութային կացութաձևով հանրությանը կներկայանա այն նոր էլիտան, որը պետք է կրի խորքային տնտեսա-քաղաքական եւ արժե-մշակութային ռեֆորմների առաքելությունը․․․

Իսկ այդտեղ ազնվությունը, անկեղծությունը, անձնական չկոռումպացվածությունը կարևոր, սակայն պահանջվող հատկանիշների եւ բնութագրերի մի մասն են միայն․․․

Անհրաժեշտ հատկանիշները շատ են, եւ ակնառու է նաեւ, որ հասարակությունը թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորել է նոր իշխանություն, սակայն չի ձևավորել նոր էլիտա․․․

Եվ ավելին, նոր էլիտան հանրությունը չէ, որ ձևավորելու է: Էլիտան ձեւավորում է ինքն իրեն, կերտում է ինքն իրեն, իսկ հետո արդեն իր «պատկերով ու նմանությամբ» ձեւավորում է հասարակություն․․․

Նոր խորհրդարանն այդ իմաստով ձեւավորված նոր իշխանությունն է, որը պետք է ձևավորի ազգային-պետական նոր էլիտայի արմատավորման համար անհրաժեշտ միջավայրը․․․

Այլ կերպ ասած, նոր խորհրդարանը պետք է ավարտի թավշյա հեղափոխությունը, բայց նորը սկսելով․․․

Այլապես թավշյա հեղափոխությունը ոչ թե կավարտվի, այլ կքայքայվի, ինչի դեպքում բավական բարդ կլինի ասել, թե ինչ կպարարտացնի այդ քայքայումը․․․

Գործնականում, ապրիլ-մայիսին Հայաստանում սկսված գործընթացը ընթանում է իր տրամաբանական հունով, եւ խոշոր հաշվով հունվարի 14-ին մեկնարկեց այդ ճանապարհի անխուսափելի հանգրվանը, որը չէր կարող չլինել․․․

Այժմ հարցն այն է, թե ինչպիսին են լինելու ընթացքի հաջորդ հանգրվանները, այն դեպքում, երբ դրական նախադրյալները պահպանվում են մինչ այժմ ընթացքի ընդհանուր տրամաբանության պահպանման պայմաններում․․․