Անսպասելի բռնկում Բաքվում. Հայաստանի կարևոր անելիքները…

Lragir.am-ը գրում է․

Հունվարի 19-ին Բաքվում տեղի է ունեցել ընդդիմադիր մեծ հանրահավաք: Ըստ տեղեկությունների, մարզադաշտը, որը իշխանությունը հատկացրել է հանրահավաքի համար, չի բավարարել մասնակիցներին տեղավորելուն, և հանրահավաքը հոսել է դուրս…

Բազմամարդ ակցիայի մասնակիցները պահանջել են վերջ տալ բռնատիրությանը, ազատել քաղաքական շարժառիթներով դատապարտվածներին, հետ բերել օֆշորներ տեղափոխված փողերը, լուծել երկրի խնդիրները, և այլն…

Բաքվում բազմամարդ ընդդիմադիր հանրահավաքի իրողությունն անսպասելի է…

Անսպասելի ոչ այն իմաստով, որ կան Ալիեւի իշխանությունից դժգոհներ, կամ՝ որ այդպիսի դժգոհներ դեռեւս կան ազատության մեջ․․․

Անսպասելի է, որ նրանք անցկացնում են բազմամարդ ակցիա՝ ապրիլին տեղի ունեցած նախագահի ընտրությունից ամիսներ անց, և միաժամանակ՝ այն չի վերածվում իշխանության հետ խոշոր բախման, իշխանությունը չի գնում ակցիան ուժով ճնշելու ճանապարհով…

Նախորդ տարի հոկտեմբերին Ադրբեջանում պետք է լիներ նախագահի հերթական ընտրություն, սակայն Ալիեւը անսպասելի որոշում կայացրեց եւ ընտրությունը տեղափոխեց վեց ամիս առաջ․․․

Շատերն այդ քայլը դիտարկեցին արցախյան կարգավորման համատեքստի շրջանակում, սակայն եղան նաև գնահատականներ, որ Ալիևն այդպիսով փորձում է ընդդիմությանը զրկել հոկտեմբերի ընտրությանը լավ պատրաստվելու հնարավորությունից․․․

Բոլոր դեպքերում, ապրիլի վերարտադրությունը ստացվեց, ընդ որում Ադրբեջանի չափանիշներով՝ հնարավորինս անաղմուկ, թեև ակնառու էր, որ Ալիևը վերարտադրվեց քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների նկատմամբ հերթական բռնության միջոցով․․․

Արդյոք Ալիևն իսկապես մտահոգ էր հնարավոր ընդդիմադիր շարժման ուժգնության կապակցությամբ․․․

Թե՞ Ադրբեջանի նախագահը մտահոգ էր ոչ այնքան ինքնին ընդդիմությունից, որքան դրան արտաքին հնարավոր աջակցությունից․․․

Հատկանշական է, որ արդեն տեւական ժամանակ Ադրբեջանի նախագահը ինչ որ լրտեսական սկանդալներ է բացահայտում, որոնցից ոչ բոլորն է, որ ուղղում է հայերի կողմ․․․

Բոլորովին վերջերս բացահայտվել էր հերթականը, եւ այդպես էլ հայտնի չդարձավ, թե Ալիեւը ու՞մ, ո՞ր պետության օգտին լրտեսություն իրականացրած խումբ էր բացահայտել․․․

Գյանջայի իրադարձություններում մեղադրվեցին ծայրահեղ իսլամականներ․․․

Այդ ամենն էլ տեղի էր ունենում Հայաստանում թավշյա հեղափոխության ֆոնին, որը քաղաքական խոշոր մարտահրավեր էր Ադրբեջանին մի շարք առումներով․․․

Այն դեպքում, երբ Ադրբեջանն իր գործողություններով այդ ժամանակահատվածում փորձում էր մտահոգություններ առաջացնել սահմանին հնարավոր լարման կապակցությամբ,

որի վրա, ի դեպ, թավշյա հեղափոխության դեմ փորձում էր խաղալ նաև իշխող նախկին համակարգը․․․

Ի՞նչ շարունակություն կունենա  Բաքվում ընդդիմության անսպասելի բռնկումը: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանում նրա իշխանությունը այդուհանդերձ երերու՞մ է,

թե՞ Ալիևն է փորձում ինչ որ խաղ խաղալ և օգտագործել ընդդիմադիր տրամադրությունները, ինչ որ իմաստով գոլորշի բաց թողնել եւ իրականացնել այսպես ասած «դեմոկրատական» դիմահարդարում․․․

Ալիեւն այդպիսով գուցե կփորձի թուլացնել միջազգային  եւ ներքին դժգոհությունը միաժամանակ, ձգտելով նաև եթե չհավասարվել, ապա կրճատել այն տարբերությունը, որ արձանագրեց Հայաստանը թավշյա հեղափոխությամբ․․․

Ադրբեջանի իրադարձություններն անշուշտ մեծ ուշադրության են արժանանում Հայաստանում․․․

Այստեղ առանցքային հարցերը թերեւս երկուսն են: Նախ, Ադրբեջանում ներքին ցանկացած աշխուժության պարագայում Հայաստանում պետք է բազմապատկվի աչալրջությունը Ադրբեջանի հետ սահմանին․․․

Երկրորդ՝ Հայաստանը պետք է փորձի հնարավոր խողովակներով ձգտել օգտագործել Ադրբեջանի ներքին իրողությունները արտաքին քաղաքական տիրույթում․․․

Եվ թերեւս ամենագլխավորը՝ Հայաստանի համար Ադրբեջանում որեւէ իշխանափոխություն դրական իմաստ կարող է ունենալ մի դեպքում,

երբ իշխանության եկած ուժը էապես այլ մոտեցում ունի Արցախի հարցում եւ հրաժարվում է ռազմական շանտաժի ու հայատյացության պաշտոնական քաղաքականությունից,

այլ կերպ է մտածում եւ գործում Արցախի հարցում եւ պատրաստ է Ադրբեջանի հանրությանը դուրս բերել պատերազմի և ատելության հռետորաբանությունից․․․