«168 ժամ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք,
պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները և վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով,
հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ․․․
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այս հայտարարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց․․․
Երգիչ-երգչուհիներից շատերը հույս հայտնեցին, որ այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները,
որոնք համերգներ են կազմակերպում Հայաստանում, պետությանը հարկ են վճարում, և կարիք չի լինի եկամուտները հայտարարագրելու․․․
Սակայն նրանց հույսերը չարդարացան, դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով այդ ոլորտը ներկայացնող անձանց հայտարարագրել եկամուտներն ու վճարել հարկերը․․․
Եվ ահա կարծես թե ՊԵԿ-ում գործի են անցել․․․
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել,
որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել․․․
Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել. «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…»,
փոխարենը հրահանգվել է հատկապես խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ըստ երևույթին նրանց սերտորեն ասոցիացնելով նախկին իշխանությունների հետ»․․․