Խորհրդարանն ընտրեց. Հրայր Թովմասյանի հրաժարականը

Lragir.am-ը գրում է․

Հայաստանի խորհրդարանը 99 կողմ 23 դեմ ձայնով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց փաստաբան Վահե Գրիգորյանին,

այդպիսով փաստորեն ավարտելով ՍԴ դատավորի ընտրության շուրջ առաջացած եւ գրեթե մեկ տարի տեւած իրավա-քաղաքական ոդիսականը․․․

Ընդ որում, այն փաստորեն մեկնարկել էր հենց Վահե Գրիգորյանի թեկնածությամբ, որ առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը, բայց որը մերժեց դեռեւս ՀՀԿ-ական մեծամասնությունը․․․

Մոտ մեկ տարի անց Վահե Գրիգորյանը խորհրդարանում ընտրվեց արդեն նոր մեծամասնության քվեարկությամբ: Մինչ այդ, նոր մեծամասնությունը մերժեց նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած երկու այլ թեկնածուների․․․

Մերժումն ակնհայտորեն պայմանավորված էր քաղաքական դիրքորոշմամբ՝ մեծամասնությունը ՍԴ դատավորի պաշտոնում տեսնում էր իր համար քաղաքականապես վստահելի կամ այլ կերպ ասած՝ «յուրային» դիտվող իրավաբանի․․․

Այդ հանգամանքը ՍԴ դատավորի ընտրության հարցի շուրջ ստեղծեց իրավա-քաղաքական երկիմաստություն: Հեղափոխական-քաղաքական տրամաբանության մեջ կառավարող մեծամասնության վարքագիծը եւ շարժառիթը միանգամայն հասկանալի էր,

իրավա-քաղաքական ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ գործընթացը առաջացրեց մի շարք հարցեր ու տարակույսներ․․․

Գերակայեց բնականաբար հեղափոխական-քաղաքական տրամաբանությունը, ինչը խոշոր հաշվով օբյեկտիվ իրողություն է, հաշվի առնելով այն, որ իշխանափոխությունը փաստ է օրենսդիր եւ գործադիր իշխանությունում,

իսկ դատական իշխանությունը շարունակում է մնալ նախկինը, կամ ավելի շուտ՝ դատական համակարգը շարունակում է մնալ նախկին իշխանության հետեւանք․․․

Այդ իմաստով, Վահե Գրիգորյանի ընտրությունը ոչ թե անկախ դատական համակարգի կամ իշխանության, այլ թավշյա հեղափոխության մուտքն է Սահմանադրական Դատարան, կամ այլ կերպ ասած՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի գործընթացի մեկնարկը․․․

Նաեւ դա էր պատճառը, որ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը դարձավ նախկին իշխող համակարգի հուժկու քննադատության թիրախ, քանի որ փաստացի ընկնում է այսպես ասած վերջին ամրոցը․․․

Հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվել է Արմեն Սարգսյանը, անկասկած հաշվարկելով այն թիրախավորումը, որին արժանացավ՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված մի շարք նուրբ հանգամանքներ,

կապված նաեւ նախագահ Սարգսյանի հանդեպ Գրիգորյանի ավելի վաղ հայտնած դիրքորոշումների հետ․․․

Սակայն, Սարգսյանը առաջնորդվել է հեղափոխության ամբողջացման շարժառիթով, կառավարող մեծամասնության հետ անտեղի մրցակցությամբ հեղափոխությունը ճգնաժամով չընդհատելու համար, ինչը կարող էր հանգեցնել արատավոր այլ «էֆեկտների»․․․

Արմեն Սարգսյանը գործնականում նաեւ այդ պատճառով է դարձել նախկին իշխող համաիկարգի թիրախ, քանի որ չի կատարում իրեն թողնված փաստացի միակ գործառույթը՝

բարոյա-հոգեբանական-քաղաքական ճգնաժամ հարուցելու գործառույթը, որ նախկին համակարգը թողել է նախագահին, չթողնելով նրան կառավարման համակարգի որեւէ այլ գործուն լծակ․․․

Բայց Արմեն Սարգսյանն իրեն թողնված միակ գործառույթը օգտագործում է ոչ թե ճգնաժամ հարուցելու, այլ դրան ուղղված փորձերի կանխարգելման գործին օժանդակելու համար, նայելով ու տեսնելով ավելի հեռուն, քան նախկին իշխող համակարգի քենն ու կսկիծը․․․

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին եւ ընդհանրապես դատաիրավական համակարգին, ապա դրա ձեւավորման լրջագույն գործընթացի իրական հեռանկարը կարող է նշմարվել միայն քաղաքական իշխանության, հանրության եւ խոշոր կապիտալի համերաշխության բանաձեւից հետո․․․

Անկախ դատական համակարգը, դատական իշխանության շուրջ փոխզիջումը լինելու է դրա արդյունք․․․