Հեռացիր. ՀՀԿ հորդորը Հրայր Թովմասյանին

Lragir.am-ը գրում է․

Հանրապետական կուսակցությունը նախօրեին մանրամասն հայտարարություն-տեղեկանք էր պատրաստել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության առիթով․․․

Խոսքը վերաբերում է ՍԴ նախագահի պաշտոնի վերաբերյալ նրա մեկնաբանությանը․․․

ՀՀԿ-ն փորձում էր Սահմանադրությանն արվող հղումներով հիմնավորել, որ Վահե Գրիգորյանը գնում է կամայական մեկնաբանման եւ հակասահմանադրական քայլի․․․

Հակառակը հիմնավորելը Վահե Գրիգորյանի խնդիրն է, անշուշտ․․․

Բայց այստեղ ակնառու է քաղաքական-հեղափոխական բաղադրիչը, որը Հայաստանում հանգեցրել է իշխանափոխության․․․

Գործնականում, մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իշխանափոխության վերջին փուլի՝ դատական իշխանութան փոփոխության մասին․․․

Վահե Գրիգորյանի հայտարարությունը խոշոր հաշվով հենց այդ շրջանակում է․․․

Հատկանշական է, որ Հանրապետական կուսակցության տարածած հայտարարություն-տեղեկանքում նույնպես խոսվում է այդ մասին, իրավական նորմերի թվարկումից հետո արձանագրելով, որ տեղի ունեցողը մայիսին սկսածի շարունակությունն է․․․

ՀՀԿ-ն արձանագրում է, որ սահմանադրական ճգնաժամի ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ինքը շարունակելու է հետեւողական պայքարը երկրում օրինականության ու սահմանադրականության պահպանման ուղղությամբ․․․

ՀՀԿ-ն իր հայտարարությունը բաժանել է երկու մասի: Առաջին մասը՝ իրավական տեղեկանքի բաժինը, որը գործնականում նախորդ իշխող համակարգի արձանագրումն էր, որովհետեւ դա նախորդ համակարգի իրավունքի ամրագրումն էր․․․

Իրավունք, որը նշանակություն, արժեք եւ գործածություն ուներ բացառապես այդ համակարգի ներքին հարաբերություններում, եւ իրավունք, որը հանրայնորեն մերժված է արդեն ավելի քան մեկ տարի․․․

Հայտարարության երկրորդ մասում ՀՀԿ-ն արձանագրում է նոր իրողությունը, գործող քաղաքական տրամաբանությունը եւ, սահմանելով Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը, փաստացի վերստին ճանաչում է նրա իշխանությունը,

այդպիսով Հրայր Թովմասյանին ակնարկելով հեռանալու անհրաժեշտության մասին՝ ինչպես մեկ տարի առաջ հեռանալու որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը եւ հետո ստիպված եղան այդ որոշումը կայացնել նաեւ իրենք, դիմադրության փորձից հետո․․․

ՀՀԿ-ն Հրայր Թովմասյանին հորդորում է չդիմադրել եւ հեռանալ, արձանագրելով, որ այժմ ունեն բոլորովին այլ գործառույթ՝ պայքարել օրինականության եւ սահմանադրականության համար․․․

Հայաստանում օրինականության եւ սահմանադրական կարգի հաստատման համար կարեւոր է, որ ՀՀԿ-ն, որն այդ կարգի ոչնչացման հավաքական խորհրդանիշ է, լինի «ընդդիմություն» եւ «պայքարի»․․․

Հայաստանի հանրության համար դա սահմանադրականության եւ օրինականության ուժեղ մոտիվատոր է․․․