Երևանյան հասարակությունը պետք է համակերպվի, որ մենք հաղթել ենք

Lragir.am-ը գրում է․

Ես նույնիսկ չզգացի, ինչպես անցավ 3 ժամը, լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո․․․

Դա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցը, եւ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք խոսում ենք՝ Արցախի ներգրավվածությունը խաղաղ կարգավորման գործընթացին, Արցախի իշխանության մոտ սեփականության զգացման ամրապնդումը, ասել է նախարարը․․․

Սեփականության, հայրենիքի հանդեպ հայ ժողովրդի իրավունքը վերջին տարիներին խեղդվում էր ոչ միայն արտաքին ճնշմամբ, այլեւ «ինքնագրաքննությամբ»․․․

20-րդ դարասկզբին սեփական պետության զգացումը ճնշվեց կարմիր բանակի կողմից, եւ ամեն ինչ արվեց, որ մի քանի տասնամյակ հայ ժողովուրդը չխոսեր իր իրավունքների մասին․․․

Նույնիսկ խոսելով ցեղասպանությունից, Հայաստանը վախվորած հայտարարում էր, որ պահանջներ չունի Թուրքիայից եւ ընդամենն ուզում է կանխել ցեղասպանությունները․․․

Արցախյան պատերազմն իր ուղղումները մտցրեց, բայց շատ շուտով Հայաստանի իշխանությունը կրկին մոռացավ սեփականության զգացումը, ժողովրդին համոզելով, որ մենք փոքր երկիր ենք եւ պետք է հարմարվենք ուրիշներին․․․

Հայաստանը նման էր Գազելի ուղեւորներին, որոնք փորձում են տեղավորվել եւ այդպես երթեւեկել կռացած․․․

Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ ոչ ոք չի կարող արգելել պաշտպանել մեր հողը եւ ոչ ոք չի վիճարկում այդ հողի մեր պատկանելությունը․․․

Եվ հենց սեփական իրավունքների այդ զգացումը մարդկանց հանեց փողոցներ ու տապալեց այն իշխանությանը, որը ստիպում էր մեզ երթեւեկել «գազելով»․․․

Գազելները դեռ չեն անհետացել մեր փողոցներից, բայց իրավունքների գիտակցումը գալիս է, եւ Մնացականյանի հայտարարությունը դրա արձանագրումն է․․․

Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը գտնում է, որ հայ ժողովուրդը լուծել է Արցախի խնդիրը․․․

«Ինչ խաղաղապահներ, ինչ տարածքների վերադարձ: Երեւանյան հասարակությունը պետք է համակերպվի, որ մենք հաղթել ենք: Այո, անսովոր իրավիճակ է, որի արմատները դարերի խորքից են․․․

Սովորեք հաղթող լինել եւ արձագանքել 21-րդ դարի մարտահրավերներին: Միակը, որ պետք է անել՝ ավարտին հասցնել Միացումը ու կառուցել Միավորված Հայաստանը», գտնում է արցախցի փորձագետը․․․

Իսկ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասում է, որ «տարբեր տրամաչափի պաշտոնյաների ու օլիգարխների հետ ունեցած զրույցներիս ընթացքում ինձ համարյա միշտ ասել են՝ բա ոնց կլինի, որ հող չտանք: Բա մի բան պետք է տանք չէ, որ մի բան էլ ստանանք․․․

Առևտրականի համար ճիշտ մտածելակերպ է՝ իսկապես, առևտուրը նախատեսում է նյութական արժեքների փոխանակում, որի ժամանակ մասնակից կողմերից յուրաքանչյուրն իր շահույթն է ունենում․․․

Իսկ մեր հարցն առևտրային մոտեցմամբ լուծելն անհնար է: Այդ առևտրականների համար ընկալելի չէ, որ քաղաքականության, դիվանագիտության ոլորտում իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ բան ստանալու համար ճիշտը՝ չտալն է»․․․