Բացառիկ վիճակ՝ Հայաստանը միակն է․ Թբիլիսիի ակնկալիքը․ Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․

Դոյչե Վելեին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերության կարգավորման համար Թբիլիսին ակնկալում է գործընկերների աջակցություն,

եթե ոչ իբրեւ միջնորդ, ապա Վրաստանի փաստաբան՝ որ Ռուսաստանին կփորձեն համոզել հարեւանի հետ լավ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություն ունենալու հարցում…

Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին Ուղղափառության Վեհաժողովի հայտնի առիթով Վրաստանում բռնկված զանգվաային բողոքի ակցիայի ֆոնին հայտարարեց,

որ Ռուսաստանը թշնամի է եւ օկուպանտ ու Վրաստանն ապակայունացնելու ցանկացած փորձ դա Ռուսաստանի օգտին է…

Զուրաբիշվիլիի այդ հայտարարության նպատակը թերեւս Վրաստանի կառավարության դեմ զանգվածային ակցիայի մասնակիցների վրա ազդելն ու այդպիսով ակցիաները զսպելու փորձն էր…

Բայց, դա կարծես թե չաշխատեց: Փոխարենը, Զուրաբիշվիլին իր հայտարարությամբ թերեւս ավելի սրեց ռուս-վրացական լարումը…

Այդ լարումն առաջացավ իսկապես բավականին խորհրդավոր, շախմատային լեզվով ասած ՙմանկական մատի՚ տրամաբանությամբ: Բանն այն է, որ Վրաստանի կառավարությունն էր փաստորեն կազմակերպիչն այն իրավիճակը, որն էլ բերեց կառավարության դեմ բողոքի զանգվածային ակցիաների…

Ու թեեւ այդ ակցիաների հիմքում անկասկած ընդհանուր առմամբ գործող իշխանությունից դժգոհությունն էր, այդուհանդերձ նկատելի էր այն, որ ակցիան կարծես թե բավականին լավ ծրագրված եւ պատրաստված էր հատուկ այն առիթի համար, որ ստացվում է կամա, թե ակամա ընձեռել էր Վրաստանի իշխանությունը…

Այդ իմաստով է ստացվում, որ պաշտոնական Թբիլիսիին կարծես թե ՙմանկական մատ՚ արեցին: Ամբողջ հարց այն է, թե ովքեր: Որովհետեւ այստեղ արդեն իրավիճակն այնքան էլ միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից…

Հատկապես, երբ իրավիճակի կարծես թե որոշակի սառեցման կամ կայունացման պայմաններում հանկարծ եղավ նոր ակցիան Ռուսթավի 2 հեռուստաալիքում՝ լրագրողի Պուտինի հասցեին հայհոյանքով…

ՌԴ հետ հարաբերության կարգավորման գործում Զուրաբիշվիլիի արտաքին աջակցության ակնկալիքի մասին բարձրաձայնումը հուշում է, որ պաշտոնական Թբիլիսին իսկապես հայտնվել է որոշակի ծուղակային, ցայտնոտային վիճակում…

Հատկանշական է, որ Ռուսաստանը արձագանքի այսպես ասած առաջին կոշտ ալիքից հետո այն չշարունակեց ծավալել: Լրագրողի սադրանքից հետո Պուտինը այսպես ասած ՙներեց՚ նրան եւ հայտարարեց, թե չկա պատժամիջոցների կարիք, թեեւ ՌԴ Պետդումայում բարձրացնում էին այդ հարցը…

Իհարկե կան դիտորդներ, որոնք Պուտինի այդ դիրքորոշումը համարում են խաբկանք եւ մտածում, որ նա իր հասցեին հայհոյանքը չի թողնի անպատասխան, պարզապես պատասխանի ՙձայնը՚ կարող է գալ այլ տեղից…

Կա նաեւ տեսակետ, որ ՌԴ նախագահը չշարունակեց ճնշումը, որպեսզի այն չբերի Իվանիշվիլիի իշխանության կորստի, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը հենարան կկորցնի…

Այդ դեպքում, Ռուսաստանը թերեւս պետք է հենց սկզբից կոշտ չարձագանքեր: Միթե՞ պարզ չէ, որ կոշտ արձաանքը ավելի է բարդացնելու Իվանիշվիլիի վիճակը…

Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը որոշեց չշարունակել ճնշումը, որովհետեւ Մոսկվայի համար այն առաջացնում է մեկ այլ խնդիր՝ որքան բարձրանում է ռուսական ճնշումը, անքան հակառուսականությանը զուգահեռ աճում է Վրաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը…

Պարզապես նրանք ունեն այդ հնարավորությունը, քանի որ բավականին ներթափանցած են Վրաստանի տնտեսություն եւ քաղաքական շրջանակներ, մի շարք պատճառներով…

Ի դեպ, այդ հանգամանքը խնդիր է ոչ միայն Ռուսաստանի համար, այլ նաեւ ՆԱՏՕ, Եվրոպայի, ԱՄՆ-ի: Որովհետեւ, չնայած Թբիլիսիի եվրաատլանտյան կուրսին, այդուհանդերձ Արեւմուտքը Վրաստանում այդքան նրբորեն ներկայացված չէ, որքան Թուրքիան ու Ադրբեջանը…

Ընդ որում, թերեւս նաեւ այդ խնդիրը հավասարակշռելու համար էր, որ չեղավ Սահակաշվիլիին Իվանիշվիլիով փոխարինելու մեծ դիմադրություն, եթե անգամ չխոսենք այն մասին, որ դա պարզապես ռուս-արեւմտյան պայմանավորվածության դրսեւորում էր,

երբ ակնհայտ էր, որ Իվանիշվիլին որքան էլ լոյալ լինի ՌԴ նկատմամբ, Վրաստանը միեւնույն է աբխազ-օսական գործոնի պատճառով անդառնալի կորսված է ՌԴ համար…

Իրավիճակը բավականին նուրբ է Հայաստանի դիտանկյունից: Մի կողմից կա տագնապն ու ռիսկը դեպի հյուսիս ու Եվրոպա ճանապարհի կայունության առումով,

մյուս կողմից Հայաստանն այստեղ կարող է ունենալ որոշակի դերակատարում եւ դրա անհրաժեշտությունը կարող է ունենալ Թբիլիսին, հենց այն տրամաբանության համատեքստում, որի մասին խոսում է Զուրաբիշվիլին…

Անձամբ նա դիտարկում է Հայաստանը, թե ոչ, որպես օգնություն, այլ հարց է, որի առիթը առնվազն Բաքվում նրա արած հայտնի հայտարարություններն են…

Առավել եւս, որ Երեւանը կարծես թե բավականին նուրբ շփումներ է ունենում պաշտոնական Թբիլիսիի հետ: Բաթումիում Արեւելյան գործընկերության 10-ամյակի համաժողովի առիթով Վրաստան էր այցելել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը,

ընդ որում դրանից երկու օր առաջ Սլովակիայում ՌԴ նախարար Լավրովի հետ հանդիպած լինելով: Բաթումիի համաժողովի առիթով Վրաստանում էր նաեւ Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը Վրաստանում եւս ունեցել է Թբիլիսիի պաշտոնյաների, ընդհուպ արտգործնախարարի հետ բավականին մեծաթիվ շփումներ…

Ի վերջո, Հայաստանը ռեգիոնալ միակ սուբյեկտն է, որ կարող է եւ շահագրգռված է Վրաստանին օգնելու հարցում, հաշվի առնելով շահերի բնական տիրույթի բացառիկ ընդհանրությունը: Հարցն այն է, թե ովքեր են խանգարողները…