Իշխանությունը թեժացնում է աշունը․ Քաղաքական երկրաշարժ․․․

Lragir.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվում է թե «խաղաղ երկնքում» ասուլիսն ընդմիջվեց «որոտով»: Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին․․․

Մինչ այդ մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Վանեցյանը Նիկոլ Փաշինյանին երկու անգամ ներկայացրել է հրաժարականի դիմում, սակայն այն չի ընդունվել․․․

Վարչապետը ԱԱԾ պետի պաշտոնանկության մասին հայտարարեց հենց այդ դիմումների վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան․․․

Վարչապետը հայտարարեց, որ Վանեցյանի հետ քննարկել են այդ որոշումն ու եկել համաձայնության, որ դա է ճիշտ տարբերակը․․․

Ըստ Փաշինյանի, Արթուր Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վրա, որպեսզի ապահովի Եվրո 2020 եզրափակիչ փուլ դուրս գալու կարեւոր արդյունքը․․․

Վարչապետի հայտարարության «հետնցնցումը» ապահովեց ԱԱԾ պետը, որը գրեթե րոպեներ անց տարածեց իր հրաժարականի տեքստը, ընդ որում քաղաքական տեքստը․․․

Դրանում ԱԱԾ պետը հայտարարում էր, որ սպայի պատիվը թույլ չի տալիս շարունակել աշխատանքը, քանի որ էապես անհամաձայն է վարվող քաղաքականության հետ․․․

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում․․․

Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»․․․

Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում, մի շարք պատճառներով, գերազանցապես հեղափոխական տրամաբանությամբ թելադրված: Արթուր Վանեցյանն ըստ տարբեր սոցհարցումների ներկայում էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյաներից է․․․

Միեւնույն ժամանակ, ԱԱԾ-ն հայտնվեց մի քանի սկանդալային պատմություններում: Օրինակ Ռոբերտ Քոչարյանի գործում ՀՔԾ պետի եւ վարչապետի հետ հայտնի գաղտնալսումները․․․

Ընդ որում հատկանշական է, որ դրանցից հետո թե վարչապետը պաշտոնանկ չարեց Արթուր Վանեցյանին, թե նա չտվեց հրաժարական: Վանեցյանն ընդ որում հայտարարեց, թե հայտնի է գաղտնալսում պատվիրողը, սակայն չեն բավարարում նրա մասին հայտարարելու ապացույցները․․․

Մյուս սկանդալային պատմությունն առնչվում էր ՊՎԾ գործին, որի շրջանակում նախ մեղադրանք ներկայացվեց ծառայության երկու պաշտոնյաների, իսկ հետո՝ պետ Դավիթ Սանասարյանին․․․

Նիկոլ Փաշինյանը մինչ քննության ավարտը կասեցրեց Դավիթ Սանասարյանի լիազորությունը: Մամուլը գրեց, որ այդ գործն իշխանության երկու թեւերի միջեւ պայքար է: Ընդ որում, որպես թեւեր մամուլում հիշատակվում էին ԱԱԾ-ն եւ այսպես ասած «սորոսական թեւը» կամ քաղհասարակությունը․․․

Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ թույլ չի տա իշխանության մեջ թեւերի առկայություն եւ կկտրի դրանք: Ի՞նչ ընթացք կունենա ՊՎԾ գործը Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո․․․

Դրա ընթացքը կարող է հուշել, թե արդյոք ԱԱԾ պետի փոփոխության հարցում կարող է այն ունեցած լինել իր ազդեցությունը, նկատի ունենալով նաեւ հանգամանքը, որ ԱԱԾ քննիչն օրերս մերժել էր մեղադրանքը չեղարկելու Դավիթ Սանասարյանի դիմումը․․․

Միաժամանակ հատկանշական է, որ ԱԱԾ պետի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվում է սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման շեմին․․․

Հատկանշական է, որ մինչ այդ էլ տեղի էր ունեցել մեկ այլ անսպասելի բան՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը վարչապետի ասուլիսից ժամեր առաջ խորհրդարանում արտահերթ ելույթով հայտարարել էր ՍԴ-ի, Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշման ոչ լեգիտիմության եւ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու անհրաժեշտության մասին․․․

Այդ հանգամանքը թերեւս վկայում է, որ ԱԱԾ պետի պաշտոնանկությունը կարող է ունենալ բավականին լայն ընդգրկում՝ դրան հասցրած մոտիվների կամ պատճառների առումով․․․

Գործնականում, քաղաքական թեժ աշունը որոշակիորեն իրականություն է, որի նախաձեռնությունը սակայն գոնե առերեւույթ գալիս է իշխանությունից, թեեւ գուցե դա ընդդիմությունից եկող ռիսկերի ընդամենը առերեւույթ, ընդ որում ոչ միարժեք պատասխան է․․․