Նոր սկանդալ. Նախկին փոխվարչապետի տիկնոջ պաշտոնի գինը

hayeli.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի վարչության անդամ ընտրեց Հասմիկ Ղահրամանյանին…

Փակ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցեց 106-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. կողմ՝ 103, դեմ՝ 3…

Իսկ հիմա ամենահետաքրքիր պահը՝ Հասմիկ Ղահրամանյանը նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինն է, տեւական ժամանակ աշխատում է ԿԲ-ում, ներկայում ԿԲ նախագահի խորհրդականն է…

Նրա թեկնածությունը խորհրդարան էր ներկայացրել Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը, որը ղեկավարում է ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը…

Այդուհանդերձ, եթե իմքայլականները չուզենային , որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կինը աշխատանքի անցներ նշված պաշտոնում, ապա կտապալեր քվեարկությունը…

Եւ ուրեմն, ինչ է պատահել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ սկսել են սիրով ու հանդուրժողաբար մոտենալ նախկիններին, նրանց կանանց, հարազատներին…

Մեկուկես տարի այս մարդիկ գործող իշխանությունների ոխերիմ հակառակորդներն եւ իշխանությունը առաջնորդվում է՝ <<մեզանից լինի, պոլիփետ լինի>> սկզբունքով…

Միթե իշխանությունների մոտ, ի վերջո, հասունացավ այն գիտակցումը, որ անցյալը մերժելով, նախկին կադրերից հրաժարվելով առաջ շարժվել հնարավոր չէ, որ հարկավոր է վերջապես քաշել գիծը ու առաջնորդվել պետության շահերից…

Եթե պետականաշինությանն իրենց ավանդը կարող են բերել նախկինները, ապա ինչու ոչ, թող բերեն…

Միթե իշխանություններն այսպիսի շրջահայացություն են ձեռք բերել: Թե իրականում գործ ունենք հերթական քաղաքական գործարքի հետ…

Հաշվի առնելով ամիսներ առաջվա մամուլի հրապարակումները, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Վաչե Գաբրիելյանին տեսնել իր կաբինետում, կառավարությունում առանցքային պաշտոն վստահել, սակայն իր հերթին Գաբրիելյանը մերժել է Փաշինյանին, ապա հիմնազուրկ է թվում գործարքի մասին վարկածը…

Բայց չի բացառվում, որ Վաչե Գաբրիելյանը խորհրդատվություն է տրամադրում գործող իշխանություններին ու եթե ոչ փաստացի, ապա կառավարության ոչ արտահաստիքային պաշտոնյաներից է…