Այս պատմական շրջանում Փաշինյանին մերժվում է և ընդունվում Լավրովի պլանը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության լավրովյան քննադատությունը ոգեւորել է Հայաստանում տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների եւ փորձագետների,

որոնք ստացել են արցախյան հարցում վարչապետ Փաշինյանի քաղաքականության քննադատության նոր առիթ…

Ըստ դրա, Լավրովի գնահատականը ահազանգ է, քանի որ Հայաստանը ներկայացվում է բանակցությունը տապալող…

Այստեղ հատկանշական է մի բան, որ նույն շրջանակները ամիսներ շարունակ աղմկում էին եւ Փաշինյանին մեղադրում «հող հանձնելու» մտադրության համար…

Ի՞նչ է նշանակում այդ քննադատությունը: Եթե դու դեմ ես «հող հանձնելուն», ուրեմն դա նշանակում է, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ…

Եթե իհարկե «հող հանձնելուն» դեմ ես Հայաստան-Արցախի շահից ու անվտանգությունից, ոչ թե քաղաքական կանյուկտուրայից ելնելով…

Ինչպե՞ս «հող չհանձնել», Արցախը չհայտարարելով Հայաստան, ըստ այդմ չգծելով համահայկական խնդրի սահմանը…

Այն, ինչ օգոստոսի 5-ին փաստացի ազդարարել է Նիկոլ Փաշինյանը, բավականին պարզորոշ արձանագրելով, որ արցախյան շարժման եւ պատերազմի արդյունքը պաշտպանել հնարավոր է միայն համահայկական ներուժով,

դա մեկ գործչի կամ մեկ ուժի խնդիր չէ, մեկի ուժերից վեր է եւ հնարավոր է միայն համահայկական ուժով…

Ըստ այդմ, հենց այդ նպատակով էլ օգոստոսի 5-ին դրվել է հարցը՝ հայություն, մենք որոշու՞մ ենք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ու իրականացնու՞մ ենք մեր որոշումը…

Եթե որոշում ենք, ապա աշխարհի հետ պետք է խոսենք այդպես, որովհետեւ իրական քաղաքականության ռեժիմում աշխարհը,

կամ բավական կոնկրետ՝ ռեգիոնալ իրադրությամբ շահագրգռված ուժային կենտրոնները, հաշվի են նստելու որոշում ունեցող եւ դրա համար պատասխանատվություն ստանձնող կողմի հետ…

Հնարավոր է խաբել ինքզինքը՝ միջազգային ասպարեզում խոսելով փոխզիջման պատրաստ լինելու, տարածք կամ շրջան հանձնելու մասին՝

այն էլ առանց կարգավիճակի երաշխավորման, բայց «մտքում» ակնկալել, որ այդ բանը տեղի չի ունենա երբեք…

Ուժային կենտրոններին խաբել հնարավոր չէ…

Միաժամանակ, չարժե խաբել ինքզինքը, կարծելով, թե հանձնելու պատրաստակամությամբ խուսափում ենք բանակցություն տապալողի պատասխանատվությունից…

Բանակցությունը տապալված է վաղուց: Ուժային կենտրոններն ու Ադրբեջանը վաղուց զբաղված են այլ հարցերով, ու չգիտես ինչու միայն հայկական այսպես կոչված քաղաքական կամ փորձագիտական որոշ շրջանակներ են փորձում ստանձնել բանակցություն «փրկողի առաքելություն»…

Փրկել մի բան, որը գործնականում ոչ մեկին պետք չէ: Ու՞մ համար փրկել այն: Կամ ինչի՞ համար: Պատերազմ չլինելու՞: Որեւէ մեկը համարում է, որ պատերազմը կախված է բանակցությունի՞ց…

Պատերազմը կախված է հավասարակշռությունից՝ ռազմա-տեխնիկական, ռազմա-քաղաքական, եւ տնտեսական հեռանկարներից…

2014-ից քայլ առ քայլ պատերազմի գնացող Ադրբեջանի հետ Սերժ Սարգսյանը բանակցում էր, չէր անում որեւէ հայտարարություն, որ Լավրովը «կբարկանար»…

Բայց պատերազմը եղավ, ու Սերժ Սարգսյանը միայն դրանից հետո փորձեց Լավրովից հաշիվ պահանջել դրա համար…

Իսկ պատերազմից հետո հաշիվ պահանջելու փոխարեն, պետք է սեփական որոշումների, շահերի հաշիվ ներկայացնել նախապես՝ պատերազմը կանխելու համար…

Բայց, ինչպես այդ հարցը քաղաքական մի ամբողջ դասի չէր հետաքրքրում 2016-ից առաջ՝ համարում էին, որ դա միայն Սերժ Սարգսյանի խնդիրն է,

այդպես էլ մի ամբողջ քաղաքական եւ մի մեծ փորձագիտական դասի չի հետաքրքրում այժմ, համարելով, որ դա Փաշինյանի խնդիրն է, իսկ իրենց խնդիրն է դա հնարավորինս արդյունավետ օգտագործել Փաշինյանի դեմ…

Այդպիսով, գործնականում մերժվում է օգոստոսի 5-ին Փաշինյանի ստեփանակերտյան առաջարկը՝ փակել «հող հանձնելու» թեման ու կայացնել համահայկական որոշումը,

եւ փաստացի ընդունվում է «լավրովյան պլանը»՝ ըստ էության՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին…