Փաշինյանի կոշտ պատասխանը խուլիգանությանը. հավաքը տապալվել է

Lragir.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում կոշտ պատասխան է տվել ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին իր ելույթում Հայաստանի հասցեին մեղադրանք հնչեցրած Իլհամ Ալիեւին…

Հատկանշական է, որ Ալիեւն այս անգամ մեղադրանքները տեղավորել է ոչ թե «արցախյան հարցի» փաթեթում, այլ ֆաշիզմի, հայտարարելով, թե Հայաստանի նոր իշխանությունը չի ապամոնտաժել ֆաշիզմի աջակից Նժդեհի արձանը…

Ալիեւը այդ ընթացքում խոսել է, թե ադրբեջանցիներն ինչ մեծ դեր են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում…

Ինչու՞ է Իլհամ Ալիեւը հանկարծ հիշել Նժդեհին ու ֆաշիզմը, որոշելով Հայաստանին «հարվածել» այդ ուղղությունից: Արդյոք նրան դա հուշել է Սերգեյ Լավրովը, որի խոսնակ Զախարովան առաջինն էր, որ «քննադատեց» Երեւանում Նժդեհի արձանը կանգնեցնելու փաստը, նրան համարելով ֆաշիզմի աջակից…

Զախարովայի ղեկավարը օրերս հայտարարել էր, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը սառեցված է, միաժամանակ քննադատելով Հայաստանի վարչապետի՝ Արցախը Հայաստան է հայտարարությունը, իբրեւ թե բանակցությանը չնպաստող…

Լավրովը լռեց, երբ Ալիեւն էլ Վալդայ ակումբում հայտարարեց, թե «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»: Բայց, Ալիեւին Ռուսաստանում թերեւս հուշել էին, որ դա առավելագույնն է, որ կարող են նրան թույլ տալ կամ աջակցել Արցախի հարցում…

Ըստ ամենայնի այդ պատճառով էլ Ադրբեջանի նախագահին ԱՊՀ ղեկավարների հավաքի ելույթի համար «խորհուրդ» են տվել անցնել Նժդեհին…

Երբ տարիներ առաջ Զախարովան Նժդեհին հայտարարեց «ֆաշիստ», Հայաստանի նժդեհական իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ընդամենը շատ մեղմորեն հայտարարեց, թե պատմական «տեղեկանք» են պատրաստում Զախարովայի համար, որ ապացուցեն, որ Նժդեհն այդպիսին չէ…

Ըստ երեւույթին տեղեկանքը տեղ չի հասել, կամ չեն էլ պատրաստել, եթե Ռուսաստանը տարիներ անց «քսիվը» հասցրել է Ալիեւին, որն այժմ Հայաստանի նոր իշխանությանն է մեղադրում Նժդեհի արձանը պահպանելու համար: Ի դեպ, ՀՀԿ այդ արձագանքից հետո Զախարովան կրկնել էր, թե մնում է իր կարծիքին…

Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում իր ելույթում հայտարարել է, որ Իլհամ Ալիեւը (տես նաեւ Զախարովան) խեղաթյուրում է պատմությունը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հայ ժողովրդի նկատմամբ, ու նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների, լարվածություն մտցնելով Վեհաժողովում…

Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ԱՊՀ իր գործընկերներից՝ այդ լարվածության համար, ասելով, թե տեսնում են, որ դրա հեղինակն ինքը չէ…

Փաշինյանի ակնարկը հուշում է, որ Ալիեւը գործնականում տապալել է հավաքը: Ըստ ամենայնի, այդ մասին է «լարվածություն մտցնելու» Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը…

ԱՊՀ-ն իբրեւ կառույց իհարկե ոչ միայն տապալված, այլ թերեւս անկենդան է ստեղծման պահից, սակայն մյուս կողմից այդօրինակ հավաքներն անկասկած ունենում են որոշակի քաղաքական տողատակեր, եւ ըստ այդմ Ադրբեջանի նախագահը տապալել է միջոցառումը հենց այդ իմաստով…

Ալիեւն ըստ երեւույթին շարունակում է նյարդային եւ նեղսրտած լինել հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ աննախադեպ Վեհաժողովից, որտեղ քաղաքական տողատակի առումով եղել են իսկապես կարեւոր քննարկումներ նաեւ Իրանի նախագահի մասնակցությամբ,

եւ որին՝ չնայած ընտանիքում սգո առիթին, մասնակցելու էր շտապել նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, Նիկոլ Փաշինյանի մոտ փաստացի արդարանալով Ալիեւի հետ ընկերություն անելու համար…

Ալիեւը կարողանալով մարսել երեւանյան հավաքը, Աշգաբադում իրեն պահել է խոշոր հաշվով որպես խուլիգան եւ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական կամ քաղաքական լեզվով ի ցույց է դրել այդ խուլիգանությունը, Ռուսաստանի իշխանական շրջանակներում դրա հնարավոր հովանավորների առկայության համատեքստում…