Ինչ է պատահել Արենա Զեյնալյանին. «Հայաստանում թիկունքիցս շատ են հարվածել»

armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողներին ներկայացնել հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ:

Վերջիններս մեզ հետ զրույցի ընթացքում բացահայտվում են բոլորովին նոր դիտանկյունից, մեզ արդեն ծանոթ անձինք «գաղտազերծում են» իրենց էությանը բնորոշ գծերը, կյանքի` քչերին հայտնի դրվագները…

Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս հայուհի 2018», «Women΄s Club» հումորային նախագծի թիմի անդամ Արենա Զեյնալյանն է…

Նա անդրադարձել է իր կյանքում բեմի դերին, տեղեկացրել, որ բեմից դուրս էլ հետաքրքիր զբաղմունք ունի` ոսկերիչ-դիզայներ է եւ պատրաստվում է շուտով հանրության դատին ներկայացնել թանկարժեք զարդերի իր հավաքածուն` «Արենա Զեյնալյան» բրենդը…

Նա խոսել է նաեւ իր կյանքի մեծագույն կորստի մասին, նշել, թե ինչից է ամենաշատը վախենում: Արենան խոստովանել է, որ դժվար է ապրել ընտանիքից հեռու, բայց չի դժգոհում հայաստանյան կյանքից: Նա պատմել է այն մասին, թե ինչպիսի տղամարդիկ են իրեն դուր գալիս, եւ իր որ հատկությունն են առաջինը նկատում հակառակ սեռի ներկայացուցիչները…

-Արենա՛, ո՞րն է օրը սկսելու Ձեր պարտադիր նախապայմանը:

-Մեկ գավաթ սուրճը:

-Փորձառո՞ւ, խելացի՞, թե՞ իմաստուն. այս երեք հատկանիշներից ո՞րն է Ձեզ առավել բնորոշ:

-Իմաստուն:

-Բեմում լինելու համար լավագույն տարիքը:

-Չկա հատուկ տարիք: Ամեն մարդու մոտ տարբեր ժամանակ է բացահայտվում իր տաղանդը, բեմի հանդեպ ձգտումը:

-Բեմի դերը Ձեր կյանքում:

-Բեմն իմ կյանքը դարձրել է հետաքրքիր:

-Եթե ստիպված լինեք թողնել բեմը, ինչո՞վ կզբաղվեք:

-Արդեն զբաղվում եմ ոսկերչությամբ: Շուտով կթողարկվի իմ անունով բրենդ, հանրությանը կներկայացնեմ իմ հեղինակած թանկարժեք զարդերը, որոնց դիզայնով ես եմ զբաղվել:

-Մարդկանց ճանաչելու Ձեր մեթոդը:

-Զգում եմ` կարծես ինչ-որ էներգիա է գալիս դեպի ինձ: Ես միայն մարդկանց քայլերի տրամաբանությանը չէ, որ հետեւում եմ, այլեւ նրանցից եկող էներգիային: Վեցերորդ զգայարանս շատ ուժեղ է:

-Ձեր քայլերը, երբ դիմացինը չափից շատ է խոսում:

-Լռում եմ եւ շեղում եմ թեման:

-Ի՞նչ եք անում, երբ ընկնում եք մի միջավայր, որը Ձերը չէ:

-Փորձում եմ թեթեւ տանել, որպեսզի շուտ դուրս գամ այդ միջավայրից: Չեմ բարդույթավորվում:

-Հատկություն, որը տղամարդիկ Ձեր մեջ շատ են գնահատում:

-Կարծում եմ` ինքնավստահությունը, ասում են, որ հոգեպես ուժեղ աղջիկ եմ:

-Ձեր կյանքի ամենամեծ հարվածը:

-Հորս մահը: Այդ ժամանակ ես 24 տարեկան էի:

-Իրավիճակ, որի հետ դժվար է համակերպվել:

-Ընտանիքիցս հեռու լինելը: Հիմա ընտանիքս Թեհրանում է, ես Երեւանում միայնակ եմ: Չեմ դժգոհում, բայց այդպես է:

-Դավադրություն, որ կատարել են Ձեր հանդեպ:

-Ճիշտն ասած, միշտ մտածել եմ, որ թիկունքից հարվածողներ չունեմ, բայց հետո արդյունքում ասել եմ. «Վայ, այս ի՞նչ եղավ…»: Հատկապես Հայաստանում, երբ հաղթեցի գեղեցկության մրցույթում, թիկունքից հարվածներ եղել են, անգամ այն մարդկանցից, որոնք ինձ չեն ճանաչում:

-Կյանքի այս փուլում ի հայտ եկած վախ:

-Վախկոտ մարդ չեմ, բայց երեւի վստահության կորստից եմ վախենում:

-Ձեր թուլությունը:

-Շոկոլադ. քաղցրի հանդեպ սերն իրոք ինձ տանջում է:

-Տանել չեք կարողանում, երբ մարդիկ…

-Անտարբեր են լինում:

-Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ ձգում:

-Շնորհքով, ներքին կուլտուրայով տղամարդիկ, որոնք գիտեն` ինչպես պետք է շփվեն կանանց հետ: Կարեւորը պահելաձեւը, այն, թե ինչ բառեր են ընտրում կանանց հետ շփումներում:

-Եվ վերջում` հանուն ինչի՞ արժե ապրել:

-Կարող էի ասել` հանուն սիրո, բայց ես նախընտրում եմ դա չասել. շատ է իմաստազրկվել սեր բառը: Ամբողջ օրը սիրուց են խոսում մարդիկ, որոնք երբեք չեն սիրել: Միգուցե ասեմ` արժե ապրել հանուն հույսի, հավատի ու սիրո: