«Հայաստանի գեղեցկուհի» Հայկուհի Մաթևոսյանի 20-ամյակի 2 խնջույքն ու անակնկալները

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանը երեկ տոնել է 20-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրվա ընթացքում իրեն բազմաթիվ անակնկալներ են մատուցել, սակայն առաջինը եղել են քույրն ու ընկերուհին, ովքեր կեսգիշերին զարդարել են իր սենյակը․․․

Ըստ Հայկուհու՝ այս տարի մեծ խնջույք չի նախաձեռնել, սակայն տարեդարձի 2 խնջույք է կազմակերպել, առաջինը երեկ էր, երկրորդը՝ այսօր․․․

«Ամեն տարի մեծ շուքով եմ նշել ծնունդս, երկար նախապատրաստվել եմ: Այս տարի զգացողությունս այլ էր: Մեծ շուքով ծնունդս նշելու ցանկություն չունեի, ցանկանում էի ավելի ընտանեկան, մտերմիկ շրջապատում նշել ծնունդս: Երևի, տարեցտարի հասունանում ես, դա է պատճառը․․․

Երեկվա խնջույքը կազմկակերպել էին քույրս և ընկերներս: Ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ: Այսօրվա խնջույքին ևս ներկա են լինելու ամենամտերիմ մարդիկ: Շատ հյուրեր չեմ ունենալու»,- ասաց նա․․․

Ըստ Հայկուհու՝ այս տարիքը շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. «Ամեն ինչի հանդեպ ավելի պատասխանատու եմ դառնալու: Առաջ էլ էի պատասխանատու, բայց այս տարիքը մի քիչ այլ է»: «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակրի խոսքով՝ այս տարի իրեն շատ անակնկալներ են մատուցել, այդ թվում՝ անանուն:

«Անակնկալներ շատ են եղել թե՛ ընտանիքիս անդամների, թե՛ ընկերներիս, թե՛ անծանոթների կողմից: Անանուն անակնկալները շատ էին: Այնպիսի մեծ ծաղկեփունջ էին ուղարկել, որ մեր տուն չէր մտնում, այդպես էլ թողեցի դրսում: Անանուն նվերները չեմ ընդունել, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել դրանք մատուցողներին»,- ասաց նա ու հավելեց, որ 20-ամյակի կապակցությամբ արժեքավոր նվերներ շատ է ստացել:

«Շատ շքեղ նվերներ եմ ստացել, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչ:  Սովորաբար, միայն ծնողներիս եմ ասում, թե ինձ ինչ նվիրեն, թեև եթե չասեմ էլ, նրանք գիտեն, թե ինչից կարող եմ ուրախանալ: Իրենց մատուցած նվերը շատ սպասված էր ինձ համար: Չասեմ երազում էի, բայց շատ էի ցանկանում ունենալ դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տարեդարձի առթիվ մտապահված երազանքին՝ Հայկուհին ասաց, որ պարտաճանաչ մտապահում է երազանք, սակայն վստահ է երազանքն իրականացնելու համար պետք է գործել:

«Ամեն տարի մտապահում եմ երազանք, բայց չեմ կարծում, որ տորթի մոմերը փչելիս պահված երազանքները պետք է կատարվեն: Երազանքները հենց այնպես չեն կատարվում, դրանց իրականացման համար պետք է ունենալ մեծ աշխատասիրություն, լինել նպատակասլաց»,- եզրափակեց նա: