ԱԱԾ-ն զգուշացրեց. Ինչ է լինելու

Lragir.am-ը գրում է. ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան առիթով ցավակցության տեքստում խոսել է նաեւ այն մասին, որ մահվան առիթով քրգործը վարող մարմինը, ինչպես նաեւ մյուս իրավապահները՝ այդ թվում ԱԱԾ-ն, կանեն ամեն ինչ Գեորգի Կուտոյանի մահվանն առնչվող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխաններ տալու համար…

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի ցավակցությունն ու հայտարարությունը մի կողմից «պատվի կոդեքսից» բխող պարտք է՝ հասնել զինակցի սպանության բացահայտմանը, իսկ մյուս կողմից գուցե վկայում է նաեւ այն մասին, որ ԱԱԾ-ն էլ ունի տեղի ունեցածի առնչությամբ բազմաթիվ հարցեր…

Գեորգի Կուտոյանի դեպքը հանրության զգալի մասի համար ունեցել է շոկային ազդեցություն, առավել եւս բավական լարված հոգեբանական միջավայրում, որ ձեւավորվում է ներքաղաքական կյանքի առկա իրողությունների հետեւանքով…

Գեորգի Կուտոյանը գնահատվում է որպես բարձր պրոֆեսիոնալ, ու թերեւս այդ հատկանիշների բացակայության պայմաններում Սերժ Սարգսյանը 2016 թվականի պատասխանատու ներքին եւ արտաքին քաղաքական հեռանկարների շրջանում չէր նշանակի գերկարեւոր դիրքում: Դա իր հերթին պետք է նշանակի, որ Գեորգի Կուտոյանը որոշակիորեն կպատկերացներ իր շուրջ հասունացող որեւէ վտանգ, եթե իհարկե խոսքը հենց «հասունացող», եւ ոչ թե անսպասելի, կայծակնային վտանգի մասին է…

Ըստ այդմ, նա թերեւս կփորձեր նաեւ որոշակի անվտանգային հարցեր լուծել իր գործընկերների օգնությամբ, որքան էլ լիներ ԱԱԾ պաշտոնաթող ղեկավար: Այդ իմաստով, ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարության տողատակում որոշակիորեն նշմարվում են նաեւ հարցերն այդ առնչությամբ…

Որեւէ վարկած անշուշտ պետք է քննվի եւ հաստատվի կամ հերքվի քննությամբ: Ի զորու՞ է Հայաստանի իրավապահ համակարգը լուծել այդ խնդիրը: Այն, որ համակարգում կան այդ խնդրի լուծման կարողությամբ պրոֆեսիոնալներ, անկասկած է: Հարցն այն է, թե ովքեր են նրանց «դիմաց կանգնածները»…

2009 թվականին փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունից հետո պատվի խնդրի մասին հայտարարեց նաեւ ոստիկանությունը, բայց սպանությունն առ այսօր բացահայտված չէ: Կտարբերվի՞ ոստիկանությունից ԱԱԾ-ն: Իսկ կգա՞ մի փուլ, երբ ԱԱԾ-ն կպահանջի գործն իր վարույթ…