Թուրքիան ու Ռուսաստանը հարվածներ են հասցրել միմյանց

Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբում հրետակոծության հետեւանքով 6 թուրք զինվորական է սպանվել, 9 հոգի էլ վիրավորվել են: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան թուրքական զորքերի դեմ հրետակոծության: Էրդողանի խոսքով, F-16 ինքնաթիռները հարվածներ են հասցրել 46 թիրախների: Թուրքական զինված ուժերի տվյալներով, հարձակման հետեւանքով սպանվել է 30-35 սիրիացի զինծառայող:

Էրդողանը Մոսկվային նախազգուշացրել է չփորձել խանգարել Իդլիբում թուրքական գործողությանը: «Նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի համբերությունը Իդլիբում ստոր սադրանքներով, կգիտակցեն իրենց գործողությունների սխալ լինելը», հայտարարել է Էրդողանը:

Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում Ռուսաստանի ԱԴԾ 4 աշխատակիցների մահվան մասին: Այս մասին հայտնի է դարձել Baza հանդեսին: Ըստ այդ տեղեկության՝ ավտոմեքենան, որով տեղաշարժվել են հատուկ ջոկատայինները, Հալեպի մոտ պայթել է, որից հետո նրանք ընկել են գրոհայինների ձեռքը եւ գնդակահարվել:

Ռուսական ուժայինների հետ կապված Տելեգրամ-ալիքները նշում են նրանց անուններն ու կոչումները՝ մայոր Ռուսլան Գիմադիեւ, լեյտենանտ Վսեվոլոդ Տրոֆիմով, մայոր Բուլատ Ահմեդյանով, կապիտան Դմիտրի Մինով: Conflict Intelligence Team-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հուղարկավորության նկարները, սակայն նշված չէ, թե որտեղ են արվել այդ լուսանկարները: Բոլորի մահվան ամսաթիվը նույնն է՝ 2020 թվականի փետրվարի 1 եւ նշված է, որ նրանք մահացել են Սիրիայում հատուկ գործողություն իրականացնելու ժամանակ:

Մոսկվայում փորձում են թույլ չտալ Թուրքիայի հետ հակամարտության բռնկում: «Թուրքիայի ավիացիան չի խախտել Սիրիայի օդային տարածքը, Իդլիբում ապաէսկալացիոն գոտու երկինքը վերահսկում են ՌԴ զինվորականները», – հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում: Ըստ այդ կենտրոնի՝ թուրքական զորքը փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, տեղյակ չպահելով ռուսական կողմին, առաջխաղացել է Իդլիբում ապաէսկալացիոն գոտում, որից հետո նրանց վրա կրակ է բացվել:

«Հակամարտության կողմերը նախօրոք իրազեկվել են թուրքական զորքերի տեղակայման կոորդինատների մասին… Չնայած դրան, թուրքական զորքերի տեղակայման շրջանին հրետանային հարված է հասցվել», – նշված է Թուրքիայի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ զրուցելու մտադրության մասին: Եթե Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներն անհրաժեշտ համարեն զրուցել Սիրիայում իրավիճակի մասին, այն կարող է համաձայնեցվել ամենասեղմ ժամկետում, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն տվել է անհրաժեշտ պարզաբանումները Իդլիբի իրավիճակի շուրջ: Մոսկվան, Պեսկովի խոսքով, շարունակում է մտահոգ լինել ռեգիոնում ահաբեկչական խմբավորումների ակտիվությամբ:

Մոսկվան դեռ չի մեկնաբանել ԱԴԾ 4 սպաների մահվան մասին լուրը: Հայտնի չէ արդյոք նրանց մահը կապված է թուրքական գործողության հետ, բայց Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական համատեղ պարեկության որոշումը չեղարկվել է: