Մոսկվան կասեցրեց հայկական պլանը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրել է.

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ արցախյան հարցին ու այդ թվում ապրիլյան քառօրյա պատերազմին: Ըստ նրա, Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել այդ պատերազմի դադարեցման հարցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերին հրավիրելով Մոսկվա…

Ապրիլյան քառօրյա պատերազմը շրջադարձային կետ էր թե Արցախի հարցի ռազմա-քաղաքական գործընթացի, թե ընդհանրապես ռեգիոնալ հարաբերությունների ու անվտանգային համակարգի համար: Այդ պատերազմը փակուղի մտցրեց Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունն ու նաեւ այդ դիվանագիտությունը սնուցող Ռուսաստանին…

Ռուսաստանը փակուղուց փորձեց դուրս գալ Հայաստանին Իսկանդերի մատակարարումով, միաժամանակ դրանով փորձելով ձեւավորել ալիբի՝ ապրիլյան քառօրյային հաջորդած եւ փաստացի արցախ-ադրբեջանական սահմանը ճանաչող Վիեննայի օրակարգը Ադրբեջանի հետ մեկտեղ չեզոքացնելու համար: ԱՄՆ առաջ քաշած այդ օրակարգը, ինչպես հետո ուղիղ հայտարարեց Բաքուն, ստատուս-քվոն ճանաչելու օրակարգն էր…

Կհաջողվե՞ր Բաքվին խուսանավել այդ օրակարգից, եթե ադրբեջանական ագրեսիայով մեկնարկած քառօրյա պատերազմը կանգնեցվեր այլ հարաբերակցության պայմաններում, երբ հայկական վերահսկողության տակ անցած կլինեին ադրբեջանական տարածքներ: Ռուսաստանցի փորձագետ Եվսեեւը քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ Ռուսաստանը փաստորեն կասեցրել է հայկական հակագրոհը…

Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի հանդիպման առնչությամբ պատերազմից որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ծանոթ չէ ինչ մանրամասներ էին քննարկել շտաբերի պետերը Մոսկվայում…

Դա առնվազն տարօրինակ հայտարարություն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը խոսում է այն մասին, որ ծանոթ չէ հակառակորդի հետ իր ԶՈՒ ԳՇ պետի բանակցության մանրամասներին…

Արդյոք Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, չի բխել հայկական շահից: Ադ դեպքում ինչու՞ է Սերժ Սարգսյանը գնացել այդ քայլին՝ ինչու՞ է Խաչատուրովին ուղարկել Մոսկվա…

Խաչատուրովին ուղարկելով Մոսկվա, Սերժ Սարգսյանը ցուցադրաբար մեկնեց Բեռլին՝ Մերկելի կողքին խոսելով 80-ականների սպառազինության եւ հզոր դաշնակից չունենալու մասին…

Ռուսաստանը առանցքային նշանակություն է ունեցել ապրիլյան պատերազմը դադարեցնելու հարցում, որովհետեւ պատերազմը չդադարեցնելու պարագայում այն ավարտվելու էր Ռուսաստանի պարտությամբ…

Մինչդեռ, Մոսկվան իհարկե այդ ակնկալիքով չէ, որ հասունացնում էր ապրիլյան քառօրյան: Պարզապես քառօրյան սկսելով կազանյան պլանին համահունչ, շարունակվեց ըստ հայկական պլանի՝ երբ Հայաստանի զինուժն ու հասարակությունը ինքնիշխան կերպով պահեցին առաջին հարվածը…

Մեծ հաշվով, Մոսկվան ապրիլյան քառօրյայում կասեցրեց հայկական ռազմա-քաղաքական պլանի ծավալումը: Խաղաղությունն անշուշտ թանկ բան է, սակայն կասեցված պլանները սովորաբար առերեւույթ են կապ ունենում խաղաղության հետ: Խորքային առումով դրանք հակոտնյա են հաստատուն խաղաղություն պարտադրելու տրամաբանությանը…