Արցախի ՊԲ-ի արձագանքը՝ «էլիտար» զորամասին

Ի պատասխան auroranews.am-ի «Արցախի «լիտար» զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը.

Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ,

քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում…

Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն…

Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում,

քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից…

Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների,

այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան…

ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին…