Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. Խուճապը կործանարար է

Lragir.am-ը գրել է.

Իրանից ստացվում է կորոնավիրուսի վարակի առնչությամբ նոր եւ տագնապալի տեղեկություն՝ հարեւան երկրում կա մահացության նոր դեպք, կան նոր վարակակիրներ: Դրանց թիվը, ըստ պաշտոնական տվյալի, չափազանց փոքր է: Բայց, հնչում են նաեւ հարցադրումներ, թե արդյոք պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է ամբողջական պատկերը…

Համենայն դեպս, անգամ փոքր թիվը Հայաստանում առաջացրել է հայ-իրանական սահմանի առնչությամբ վերահսկողության հարցադրումներ: Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկում են թե ցամաքային, թե օդային հաղորդուղիները եւ ձեռնարկում վարակի ներթափանցման ռիսկը չեզոքացնելու անհրաժեշտ քայլեր…

Դրանով հանդերձ, միամիտ կլինի կարծել, թե ընդհանրապես որեւէ երկիր կարող է կիրառել սահմանային հսկողության բացարձակ երաշխավորվածության մեխանիզմ, եթե հաշվի առնենք, որ վարակը Չինաստանից արդեն իսկ տարածում ունի ամենատարբեր ուղղություններով…

Այդուամենայնիվ, հարեւան երկրում վարակի առկայությունը պարտադրում է խստագույն վերահսկողություն իրականացնել հենց Իրանի հետ հաղորդուղիների տեսանկյունից…

Այստեղ հայկական կողմի համար իրավիճակը երկշերտ է: Բանն այն է, որ հարեւան Իրանի հետ կա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Արցախի Հանրապետության սահմանը…

Խուճապի կարիք չկա, բայց անհրաժեշտ է էապես բարձրացնել հայ-իրանական սահմանի ամբողջական վերահսկողությունը, որեւէ դիտավորյալ կամ պատահական ներթափանցում թույլ չտալու կամ ռիսկը նվազ եւ կառավարելի դարձնելու համար…

Ի վերջո, հաշվի առնելով սահմանամերձ շրջանների էթնո-ժողովրդագրական որոշակի առանձնահատկությունը, պետք է դիտարկել հնարավոր ամենատարբեր վարկածներ…

Դիտարկվու՞մ է հայ-իրանական սահմանային հաղորդակցության դադարեցում ընդհանրապես: Համենայն դեպս Իրանի երկու անմիջական հարեւան՝ Քուվեյթն ու Իրաքը արդեն իսկ արել են այդ քայլը, թեեւ ի տարբերություն Հայաստանի, այդ երկրների հետ Իրանի սահմանային հաղորդակցության ինտենսիվությունն անհամեմատ ավելին է…

Հայաստանի պատկան մարմինները հայտարարել են, որ իրանական կողմի հետ համատեղ քննարկում են սահմանային միջոցառումների հարցը…