Նախիջևանն աքցանի մեջ. Տարօրինակ վիճակ, սկսվել է խուճապ

Lragir.am-ը գրել է․

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Իրանը փակել է Նախիջեւանի հետ սահմանը: Այդ մասին տեղեկություն է տարածել Թուրան գործակալությունը: Պաշտոնական հաստատում առայժմ չկա․․․

Իրանի որոշումը տարօրինակ է: Բանն այն է, որ կորոնավիրուսի վտանգ կա Իրանում եւ, ըստ տրամաբանության, սահմանը փակելու նախաձեռնությունը պետք է գար Ադրբեջանից: Բայց ստացվում է, որ Նախիջեւանի հետ սահմանը փակել է Իրանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ խոսքը միայն Նախիջեւանի հետ սահմանի մասին է, ոչ թե ընդհանրապես ադրբեջանա-իրանյան սահմանի անցակետերի․․․

Թուրան գործակալության տեղեկությունը փաստում է, որ Նախիջեւանի երկու ցամաքային սահմանները փաստորեն փակվել են, այդ շրջանը մնացել է շրջափակման մեջ, եւ կա միայն օդային հաղորդակցությունը Բաքվի հետ: Բանն այն է, որ Նախիջեւանի սահմանի անցակետը փակելու որոշում էր կայացրել նաեւ Թուրքիան՝ Իրանի կորոնավիրուսի վտանգի պատճառով․․․

Թուրքիայի քայլն ունի տրամաբանություն՝ եթե Նախիջեւան-Իրան սահմանը բաց է, ապա վարակը կարող է տարածվել Նախիջեւանում, հետո էլ այնտեղից անցնել Թուրքիա: Թուրքական որոշման ֆոնին Իրանի որոշումը՝ սահմանը փակելու մասին, էլ ավելի տարօրինակ ու հետաքրքիր է: Ի՞նչ է կատարվում Նախիջեւանում, որ Թեհրանն ու Անկարան այն փաստորեն առնում են «աքցանի» մեջ․․․

Թուրանը հայտնում է, որ Նախիջեւանում խուճապ է, բնակչությունը մեծ քանակի պարեն է գնում եւ պահուստավորում, ինչի հետեւանքով արձանագրվել է նաեւ սննդի գնաճ․․․

Եթե տեղեկությունը չհաստատվի պաշտոնապես՝ որ Իրանը փակել է Նախիջեւանի հետ սահմանը, ապա կառաջանա մեկ այլ հարց՝ ինչու՞ է ադրբեջանական մամուլում տարածվել դրա վերաբերյալ տեղեկություն: Այն դեպքում, երբ լիովին հասկանալի է դրա չափազանց նշանակալի լինելը: Այդ հանգամանքը իր հերթին ավելի հետաքրքիր է այն տեսանկյունից, որ ադրբեջանական մեդիատարածքում կարծես թե ազատության այն աստիճանը չէ, որ հայտնվեն այդպիսի պատահական տեղեկություններ․․․

Արդյոք դա էլ վկայում է Բաքվի իշխող համակարգում առկա մրցակցության նոր եւ սուր դրսեւորումների մասին, որը տարածվում է այնպիսի զգայուն ուղղությամբ, որը Նախիջեւանն է: Խոսքն ամենեւին Բաքվի համար զգայուն ուղղության մասին չէ, քանի որ Նախիջեւանն «ադրբեջանական» է դե յուրե, դե ֆակտո՝ ԽՍՀՄ փլուզումից հետո այն վաղուց «կիսված» է թուրքական եւ իրանական ազդեցության միջեւ․․․

Իսկ Թուրքիան եւ Իրանը ներկայում բավականին լուրջ հակադրության մեջ են, որը գործնականում ռուս-թուրքական բացահայտ բախման լատենտ տողատակն է: Ռուս-թուրքական բախումը սիրիական Իդլիբում է, իրան-թուրքական հակադրությունը՝ առայժմ գուցե տեղեկատվա-քարոզչական բախման տեսքով, կարծես թե ծավալվում է Նախիջեւանի ուղղությամբ․․․