Սիրիայում վերջնաժամկետն ավարտվեց. Թուրքիան ու Ռուսաստանը՝ պատերազմի մեջ

Lragir.am-ը գրել է.

Իդլիբում Սիրիայի բանակի ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է Անադոլուն: Եվս 36 թուրք զինծառայող վիրավոր է: Թուրքիայի նախագահ Էրդողանը խորհրդակցություն է անցկացրել, որից հետո պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է Սիրիայի հետ սահմանային Հաթայի նահանգում գտնվող հրամանատարական կենտրոն…

Անկարան հայտարարել է, որ ի պատասխան սիրիական բանակի գործողությունների, հարվածել է կառավարական բանակի շարասյուներից մեկին եւ պատրաստվում է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսել: Միեւնույն ժամանակ, Անկարան խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ…

Թուրքիան ավելի վաղ նույնպես դիմել էր ՆԱՏՕ-ին, որպես անդամ երկիր, աջակցության համար: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն չի կարող կիրառել 5-րդ կետը, քանի որ թուրքական բանակը գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում, եւ Սիրիան չի հարձակվել Թուրքիայի վրա…

Էրդողանը մինչեւ հունվարի վերջ ժամանակ էր տվել Սիրիային՝ զորքը Իդլիբից հետ քաշելու համար, սպառնալով սկսել ռազմական գործողություններ: Հունվարից ի վեր Ասադի բանակը մի շարք հաջող գործողություններ էր իրականացրել Իդլիբում, վերահսկողության տակ վերցնելով մի շարք բնակավայրեր եւ թուքական պահակակետեր…

Թուրքիան այս ընթացքում բանակցություններ էր վարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, քննարկվում էր քառակողմ կամ Աստանայի եռակողմ ձեւաչափով հանդիպման հնարավորությունը…

Էրդողանը հայտարարել էր, որ մարտի 5-ին հանդիպելու է Պուտինի հետ: Սակայն փետրվարի 27-ին Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ Պուտինի ծրագրերում առայժմ մարտի 5-ին նման հանդիպում նախատեսված չէ: Եվ ահա, Պեսկովի հայտարարությունից հետո հայտնի է դառնում սիրիական բանակի գործողության մասին, որը խոշոր կորուստներ է պատճառել թուրքական բանակին…

Ռուս-թուրքական լարվածությունը հաղթահարելու երկկողմ փորձերն առայժմ ձախողվում են: Անկարայում ու Մոսկվայում Թուրքիայի ու Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումներն արդյունք չեն տվել: Այս ընթացքում Մոսկվան Անկարային մեղադրում էր Սոչիի պայմանավորվածությունները չկատարելու համար…

Միեւնույն ժամանակ, Կրեմլին ակնհայտորեն նյարդայնացնում է Էրդողանի վերջին շրջանի քաղաքական մանեւրը Արեւմուտքի ու Ռուսաստանի հակասությունների վրա խաղալու առումով: Մոսկվան Սիրիայում բավական զիջումների է գնացել Անկարային, միեւնույն ժամանակ Անկարան հայտարարում է, որ Թուրքիան ավելի շատ է պետք Ռուսաստանին, քան Ռուսաստանը՝ Թուրքիային…

Այսպիսով, Թուրքիայի վերջնաժամկետը Սիրիայում ավարտվեց, եւ Անկարան հայտարարեց ռազմական գործողություններ սկսելու մասին: Արդյոք այն կվերաճի լայնածավալ պատերազմի, թե ի վերջո Մոսկվան ու Թեհրանը Անկարային կհակեն պայմանավորվածությունները կատարելուն…

Փորձագետները գտնում են, որ Սիրիայի բանակն առանց Ռուսաստանի ու Իրանի աջակցության ի վիճակի չէ դիմակայել թուրքական բանակին երկարաժամկետ հեռանկարում: Միեւնույն ժամանակ, նրանց կարծիքով, Ռուսաստանի համար բավական բարդացել է սեպարատ համաձայնությունը Թուրքիայի հետ, նկատի առնելով սիրիական բանակում պրոիրանական ստորաբաժանումների ներկայությունը…