Վարչապետը առաջարկել է չեղարկել Մարտի 1-ի երթը

Վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից…

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին…

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի…

Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար…

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով…

Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել…

Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի եւ կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը…