Էրդողանը դիպավ Պուտինի ամենացավոտ տեղին. Ինչ կանի «փողոցի տղան»

Lragir.am-ը գրել է.

Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքական հարցերի խորհրդականը Իդլիբում ռուսական ավիահարվածների համար Մոսկվային խոստացել է դաժան պատասխան, ասելով, թե Ռուսաստանում կա 25 միլիոն մահմեդական, որոնց օգնությամբ «կքանդեն երկիրը ներսից»…

Թուրքիայի նախագահը մի կողմից մատը դնում է Պուտինի համար ամենացավոտ կետին՝ Ռուսաստանի միասնականության խնդրին, մյուս կողմից ենթագիտակցորեն արտահայտում նաեւ իր համար ամենացավոտ խնդիրը՝ Թուրքիայի ամբողջությունը…

Խնդիր, որ Էրդողանի աշխատակազմի մեկ այլ պաշտոնյա էր արտահայտել, համարելով, որ հայկական հարցի հայանպաստ մեկնաբանությունների տարածումը Թուրքիայում կարող է պառակտել երկիրը…

Էրդողանն ու Պուտինը չափում են միմյանց վախերը: Այդ վախերը նրանց ստիպում էին գործակցել, սակայն 2020 թվականի հունվարին Բաղդադում ամերիկյան օդային հարվածը համաշխարհային քաղաքականություն բերեց բոլորովին նոր իրողություններ, եւ այդ կապակցությամբ նախկին հրապարակումներում անդրադարձ կատարելով ռուս-թուրքական հարաբերությանը, դիտարկեցի նոր իրողությունների պայմաններում այդտեղ մրցակցության սրացման հեռանկարը…

Մինչդեռ, իրավիճակը ոչ միայն սուր մրցակցության, այլ ուղիղ ռազմական բախման շեմին է: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի խորհրդականը կամա թե ակամա բացահայտել է ամենախորքը՝ «երկիրը կքանդվի ներսից»: Անկարայում եւ Մոսկվայում սրվում է զգացողությունը, որ նոր աշխարհակարգը բավական նեղ է լինելու Ռուսաստանի եւ Թուրքիայի միմյանց շատ մոտ ամբողջական գոյակցության համար…

Ավելին, Թուրքիայի նախագահի համար ըստ երեւույթին լուրջ ազդակ է եղել այն, որ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների շրջանակում նոր աշխարհակարգի շուրջ քննարկումների անհրաժեշտության մասին: Թուրքիան այդ շարքում չկա: Դա ըստ ամենայնի էլ ավելի է նյարդայնացրել եւ մտահոգել Էրդողանին…

«Պետերբուրգի փողոցներն ինձ մի կարեւոր բան են սովորեցրել՝ եթե կռիվն անխուսափելի է, ապա պետք է հարվածել առաջինը», մի առիթով հայտարարել է Պուտինը: «Փողոցի տղայի» կենսագրության վրա է իր քաղաքական առաջընթացը կառուցել նաեւ Էրդողանը, ու փաստորեն նա բաց է թողել առաջին հարվածն Իդլիբում: Այժմ սպառնում է, որ առաջինը կքանդի Ռուսաստանը…

Ինչ պատասխան է տալու Պուտինը…