Մեծ կռիվ Էրդողանի այցից առաջ. Ռուսաստանը քանդելու պլանը

Lragir.am-ը գրել է.

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են Եվրասիականության «կնքահայրերից» մեկի, Լելե Թեփեի ստորոտին ադրբեջանական գովազդներում նկարահանվող Ալեքսանդ Դուգինի գնահատականը Սիրիայում՝ Իդլիբում ռուս-թուրքական բախման վերաբերյալ: Պարզ է, թե ինչու: Դուգինը կարծում է, որ Իդլիբում Թուրքիայի բանակի ուղիղ կռիվը վկայում է այդ երկրի այսպես ասած եվրասիական անցման մասին…

Դուգինը խոսում է Սիրիայում Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտության մասին, միեւնույն ժամանակ սակայն արձանագրելով, թե Մոսկվան պետք է պայմանավորվի Թուրքիայի հետ՝ ԱՄՆ-ին ռեգիոնից դուրս մղելու համար, որովհետեւ առանց Անկարայի չի կարող մրցակցել ԱՄՆ հետ…

Դուգինը գործնականում ասում է այն, ինչի համար էլ ադրբեջանցիները նրան լուսանկարում էին Լելե Թեփեի ստորոտներում: Դուգինն ասում է այն, ինչ ռուսական քաղաքականության «փիլիսոփայական» հենքում էր հատկապես 2011-16 թվականներին, երբ դրա հիման վրա, այդ շղթայում հասունանում էր նաեւ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիան…

Ադրբեջանը ապրիլյան քառօրյայում ռազմա-քաղաքական ֆիասկոյից հետո անկասկած «կարոտում» է այն ժամանակները, որոնք վերադարձնելու մասին այսօր փաստորեն խոսում է Դուգինը՝ Էրդողանի Մոսկվա այցից առաջ, ուր նա գնում է Պուտինի հետ Իդլիբի հարց քննարկելու…

Բավքի համար ռուս-թուրքական իդլիբյան բախումը մեծ մարտահրավեր է, առավել եւս Հայաստանի հռչակած «մյունխենյան սկզբունքների», ու նաեւ անցնող օրերին հայ-վրացական ռազմա-քաղաքական բարձր մակարդակի ինտենսիվ քննարկումների ու շփումների ֆոնին…

Այդ համատեքստում, Էրդողանի այցից առաջ ըստ ամենայնի «մեծ կռիվ» է Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական «միջանցքներում», թե ինչպես է պետք «դիմավորել» Էրդողանին՝ նրան թելադրել պայմաններ եւ սկզբունքորեն դուրս մղել Սիրիայի՞ց, թե՞ պայմանավորվել, ինչը կնշանակի տրվել նրա շանտաժին ու սպառնալիքին…

Բանն այն է, որ Էրդողանը Մոսկվա այցից առաջ հայտարարել էր, որ 25 միլիոն մահմեդականների միջոցով կքանդեն Ռուսաստանը ներսից…

Առայժմ Թուրքիան Ռուսաստանը «կիսում» է առանց մահմեդականների օգնության, դիմելով Դուգինին կամ այսպես ասած «մահմեդուգինական» տարրին…

Ռուսաստանի սպաների միության նախագահ գեներալ Լիպովոյը Իդլիբի հարցում հայտարարել էր, որ Թուրքիան չի բավարարվելու Իդլիբով եւ նրա նպատակը Օսմանյան կայսրությունը վերականգնելն է, ընդհուպ Հալեպն ու Բաթումին վերցնելով: Գեներալ Լիպովոյը արտահայտվել էր Թուրքիային հավակնությունը կոտրելու օգտին…

Ռուսաստանում ըստ ամենայնի կա առնվազն երկու գծի բախում՝ Թուրքիայի հետ պայմանավորվելու, այսպես ասած «հակաամերիկյան» դաշինքը վերականգնելու կամ «մահմեդուգինականների» գիծը, կամ Էրդողանի կայսերական հավակնությունը մեկընդմիշտ կոտրելու «գեներալական» գիծը: Ո՞րն է հաղթելու մինչեւ մարտի 5, երբ տեղի կունենա Էրդողանի այցն ու հանդիպումը Պուտինի հետ…

Ընդ որում, միայն կարող է թվալ, թե պայմանավորվելու դեպքում Էրդողանը զերծ կմնա 25 միլիոն մահմեդականով Ռուսաստանը քանդելու մտքից: Նրա այդ միտքը ռազմավարական է, եւ Ռուսաստանը ներսից քանդելու Էրդողանի պլանը մեկ քայլ առաջ է գնալու հենց «մահմեդուգինականների» հաղթանակի պարագայում…