Պուտինի վերջին հանգրվանը. Էրդողանի դաշույնը Ռուսաստանի սրտում

Lragir.am-ը գրել է.

ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով երրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ իրեն ուղղված հարցին, հիշեցրել է երկրորդը, ասելով, թե՝ եթե որեւէ մեկը փորձի կրկնել այդպիսի մի բան, ապա «մենք կկրկնենք»: Այլ կերպ ասած, Պուտինը խոսում է դարձյալ «Բեռլին հասնելու» մասին: Նա հիշեցրել է նաեւ Նեվսկու խոսքը, թե՝ ով մեզ վրա գա թրով, թրից էլ կընկնի…

Պատերազմը ՌԴ նախագահի, ՌԴ պաշտոնական պրոպագանդայի վերջին հանգրվանն է: Հայրենասիրությունն էլ չէ, ինչպես հայտնի խոսքում, այլ հենց պատերազմը: Որովհետեւ, գործնականում դրանով ոչ միայն կերակրվում է ռուսական հանրությունը, այլեւ իրագործվում է համաշխարհային շանտաժը: Թեեւ, մյուս կողմից, հնարավոր է այսպես կա «փոխադարձ» հետաքրքիր շահ՝ առերեւույթ շանտաժի ներքո…

Պուտինը «սպառնում» է Արեւմուտքին եւ սեփական հանրությանը ներկայանում որպես աննահանջ մարտիկ կամ աշխարհքաղաքական գերմարդ, արեւմտյան էլիտաներն էլ օգտագործում են այդ սպառնալիքներն իրենց հասարակությունների հետ հարաբերությունում, որը նույնպես ճգնաժամային է: Մեծ հաշվով, կա երկուստեք հաջող գործարք, գոհունակություն…

Պատերազմի ռեսուրս, առավել եւս «Բեռլին հասնելու», Ռուսաստանը չունի: Մոսկվան մտադիր էր դա անել այլ կերպ, ներթափանցելով արեւմտյան քաղաքական շրջանակներ, ֆինանսավորելով շարժումներ եւ այլն: Բայց ուկրաինական ճգնաժամն առիթ դարձավ, որպեսզի ՌԴ հանդեպ կիրառվեն պատժամիջոցներ ու սահմանափակումներ, ինչը Մոսկվայի այդ մտադրությունը կանխելու, սահմանափակելու եւ կառավարելի դարձնելու համար էր: Այստեղ էլ ակնառու է փոխադարձ շահը…

Իսկ «պատերազմի» կարողությունը Մոսկվան իրացնում է մերձավորարեւելյան ռեգիոնում, մասնավորապես Սիրիայում, որտեղ ակնհայտ է դառնում պատերազմելու սահմանափակ կարողությունը: Երբ Պուտինն ասում է, թե «որեւէ մեկի փորձելու» դեպքում կկրկնեն հաղթանակը, դա փոքր ինչ զավեշտալի է հնչում մարտի 5-ին Մոսկվայում Էրդողանի հետ հանդիպման ֆոնին…

ՌԴ նախագահն, ունենալով առավելություն, ստիպված էր պայմանավորվել նրա հետ: Հնարավոր է Մոսկվան պայմանավորվեց առավելության ռեժիմում, եւ թերեւս հաջորդ հնարավոր առաջխաղացմանը նախապատրաստվելու համար: Բայց, այդ ամենը ենթադրության տիրույթում են, որեւէ մեկը չի կարող միարժեք ասել, թե ով ավելի արդյունավետ կօգտագործի հետագա ժամանակահատվածը: Մի բան է աներկբա, որ թե Էրդողանին, թե Պուտինին դադարը պետք էր…

Բայց այստեղ հարցը հենց այն է, որ Մոսկվան ներկայում հասել է Թուրքիայի հետ դիմակայության քաշային կատեգորիայի, եւ «կրկնելու» մասին խոսելն իրապես դառնում է ծիծաղելի…

Գլխավորն անշուշտ այն է, եւ ՌԴ նախագահը անկասկած դա ամենից լավ գիտե, որ երրորդ համաշխարհայինն ընթանում է, վաղուց, եւ այն չի եղել ու չի լինելու երկրորդ կամ առաջին համաշխարհայինի նման: Որեւէ մեկը երկրորդ համաշխարհայինը չի կրկնելու, Ռուսաստանի վրա զորքով կամ զենքով չի գնալու…

Անգամ Էրդողանը այդ մասին հայտարարեց, որ կքանդի Ռուսաստանը ներսից՝ 25 միլիոն մահմեդականով: Եվ մահմեդականների թիվը Ռուսաստանում ավելանալու է, ի տարբերություն «տիտղոսային» ազգի՝ ռուսների: Դա ժողովրդագրական տխուր ու ահագնացող պատկերն է, որ Պուտինից լավ թերեւս չի պատկերացնում ոչ ոք…

Երրորդ համաշխարհայինը ընթանում է բոլորովին այլ հարթություններում եւ ձեւաչափերով, ռազմական բաղադրիչի հատվածականացված դրսեւորումներով: Այն ընթանում է տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, անգամ կառավարման արդյունավետության հարթություններում, եւ դրանցում Ռուսաստանը պարտվում է…

«Բեռլին հասնելու» մասին ակնարկներով ՌԴ նախագահը փորձում է ռուսաստանցիների համար քողարկել այդ պարտությունը, թեե դա ժամանակի հետ դառնում է ավելի ու ավելի դժվար եւ բարդ…