Կորոնավիրուսի դեմ հաղթանակի ժամկետը

Lragir.am-ը գրել է.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ Մեծ Յոթնյակի երկրները կողմ են 2020 թվականի Ամառային օլիմպիադայի լիարժեք անցկացմանը…

Նա ասել է, որ անում են հնարավորը՝ օլիմպիադային պատրաստ լինելու մասին, ցույց տալու համար, որ մարդկությունն ուժեղ է եւ կհաղթի կորոնավիրուսին…

Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը հետաքրքիր է աշխարհում տիրող այն իրավիճակի ֆոնին, որ առաջացրել է կորոնավիրուսը: Բանն այն է, որ տարբեր ղեկավարներ տարբեր գնահատական են տալիս վարակը հաղթահարելու ժամկետի առնչությամբ: Այդ ժամկետները ներառում են մի քանի ամսից մինչեւ մեկ տարի ժամանակահատված…

Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյոք Մեծ Յոթնյակի ղեկավարները մինչեւ այդ տեսնում են կորոնավիրուսի հաղթահարման իրական հեռանկար: Օլիմպիադան նախատեսվում է անցկացնել օգոստոսին…

Իհարկե, հնարավոր է դրա լիարժեք անցկացում նաեւ որոշակի ուշացումով: Համենայն դեպս, Մեծ Յոթնյակում փաստորեն կա լավատեսական տրամադրվածություն: Դա հետաքրքիր է այն առումով, որ հենց Յոթնյակի առաջնորդներից են եղել պայքարի ժամկետների վերաբերյալ հակասական հայտարարություններ…

Այդ իմաստով, աշխարհը ներկայում գտնվում է տեղեկատվական պատերազմի փուլում, որով առնվազն ձեւավորվում են սպասումներ տարբեր մակարդակներում՝ հանրայինից մինչեւ միջազգային-քաղաքական…

Հայաստանում արտակարգ դրության որոշմամբ, կորոնավիրուսի իրավիճակին առնչվող տեղեկատվությունը պետք է տարածվի միայն կառավարության պաշտոնական աղբյուրից, այդ թվում նաեւ միջազգային իրադրությանն առնչվող տեղեկատվությունը…

Ըստ ամենայնի, դա պայմանավորված է հենց համաշխարհային տեղեկատվական պատերազմի, կամ ինչպես ասում են՝ ինֆոդեմիայի, եւ այդ հարցում Հայաստանի դիմադրունակությունն ուժեղացնելու հանգամանքով…

Միաժամանակ, Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ օլիմպիական խաղերի վերաբերյալ, իր ընդհանրականությամբ հանդերձ, անշուշտ նպաստում է դրական սպասումների ձեւավորմանը…