Էլ չդիմացավ։ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը․․․

Lragir.am-ը գրում է․

Կառավարության մարտի 19-ի նիստում վարչապետ Փաշինյանին բարկացրել է քաղաքաշինության կոմիտեին տրամադրվելիք փողի հարցը․․․

Նախատեսվել է կոմիտեին տալ 26 միլիոն դրամ՝ մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայության համար․․․

Սակայն պարզվել է, որ կոմիտեն տարվա ընթացքում կարող է չծախսել այդքանը, և վարչապետը նշել է, թե այդ դեպքում ինչու հատկացնել 26 միլիոն, երբ հնարավոր է չծախսվելիք փողը տրամադրել այլ, կարևոր ուղղության․․․

«Գործնականում մենք ամեն շաբաթ այս խնդրին անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին անընդհատ ասել»․․․

Նա զայրացել է, որ չի կատարվում իր հանձնարարականը, ասելով, որ ստիպված է դրան անդրադառնալ հրապարակավ, և հաջորդ անգամ հանձնարարականի չկատարվածության պարագայում ձեռնարկելու է միջոցներ․․․

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի հանձնարարականների կատարման, կամ ավելի շուտ՝ չկատարման խնդրին անդրադարձել էր նաեւ կառավարության վերջին նիստերից մեկում, այլ թեմայով․․․

Փաստացի, հերթական անգամ վարչապետն արձանագրում է կառավարման համակարգի էական անարդյունավետության եւ անփութության, հնարավոր է՝ փնթիության, անպատասխանատվության հարցին, ինչ կերպ որ հնարավոր է բնորոշել իրավիճակը․․․

Իսկ որ այն լուրջ է, վկայում է հենց վարչապետի կարճ ժամանակում արդեն երկրորդ անգամ անդրադարձը թեմային․․․

Ավելին, կառավարության մարտի 19-ի նիստում եղավ կոնյակագործության թեմայի հետ կապված հարցի քննարկում, որը վարչապետը ևս «հետ ուղարկեց» նախարարական կոմիտե, այն բանից հետո, երբ կառավարության նիստի մասնակիցների միջեւ մոտ 30 րոպե քննարկվում էր ներկայացվող նախագիծն, ու արտահայտվում էին տարբեր դիտողություններ․․․

Փաշինյանին դա էլ վրդովեցրեց, թե ինչու՞ է կառավարության նիստի ներկայացված հարցը նախարարական կոմիտեում քննարկվելուց հետո նիստի ընթացքում դառնում նոր ու երկար քննարկման առարկա: Ուրեմն նախարարական կոմիտեում այն քննարկվում է վատ․․․

Պետական համակարգը դիմադրում է, բոլոր ձեռքբերումները լինում են ի հեճուկս այդ համակարգի, մի քանի ամիս առաջ հայտարարեց վարչապետը նիստերից մեկում, դառնալով համընդհանուր հասարակական-քաղաքական աղմկոտ քննարկումների պատճառ․․․

Բոլորը փորձում էին գնահատել, հասկանալ, պարզել, գուշակել, թե ովքեր են դիմադրողները: Եվ գերակշռող կարծիքն այն էր, որ դիմադրում են այսպես ասած նախկինից մնացածները: Թեև, վարչապետը կարծես թե նկատի ուներ նախկինից մնացած մտածողությունը, ոչ թե կադրերին․․․

Համենայն դեպս, հանձնարարականների թեմային վարչապետի երկրորդ արձագանքը գործնականում ցույց է տալիս, որ պետական համակարգի դիմադրությունը «նախկինին» վերագրելը գործնականում այլ բան չէ, քան արջի ծառայություն վարչապետին, որի հետեւանքն էլ թերեւս լինում է այն, որ նրա հանձնարարականը չի կատարվում․․․

Բանն այն է, որ վարչապետի հանձնարարականի «կատարողական» շրջանակը հազիվ թե հնարավոր լինի դիտարկել «նախկինի» համատեքստում․․․

Որովհետև, հակառակ պարագայում իրավիճակը ընդհանրապես դառնում է անլուրջ՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավա՞ր է Հայաստանում, թե՞ ոչ: Ո՞վ է ստեղծում այդ անլուրջ վիճակը անմիջականորեն վարչապետի շրջանակում․․․

Իսկ հարցը անկասկած հենց այդ շրջանակի հարց է, որը «նախկինների» վրա հղումներով ոչ միայն չի լուծվում, ինչպես երեւում է, այլ թերեւս խորանում է ավելի․․․

Ընդ որում, խորանում է բառի նաև այն իմաստով, որ խոր ծուղակում կարող է հայտնվել վարչապետը, անհրաժեշտ միջոցներն օպերատիվորեն չձեռնարկելու համար․․․

Որովհետեւ չկատարվող հանձնարարականները զուտ էֆեկտիվության հարց չեն, այլ քաղաքական նույնականացման, քանի որ իքս կետից այն կողմ վարչապետ Փաշինյանը սկսելու է ինքը նույնացվել չկատարվող հանձնարարականների հետ․․․