Պատվաստանյութը ճանապարհին է. Զատկի «հրաշքը»

Lragir.am-ը գրել է.

ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ աշնանը կարող է սպասվել կորոնավիրուսի նոր ալիք, բայց ԱՄՆ արդեն առավել պատրաստ կլինի դրան: «Կարևորն այն է, որ պատվաստանյութը ճանապարհին է», հայտարարել է ամերիկացի պաշտոնյան…

ԱՄՆ-ում մարտի 16-ից սկսել է պատվաստանյութի փորձարկումը կամավորների վրա: պատվաստանյութը ստեղծել է ԱՄՆ հայազգի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի ստեղծած եւ ղեկավարած ընկերությունը: Օրերս Նուբար Աֆեյանը հայտարարել էր, որ գարնանն արդեն ակնկալում են պատվաստանյութի փորձարկման արդյունքը…

Աշխարհը սպասում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, որի ստեղծմանը ձեռնամուխ են եղել տարբեր երկրներ: Աֆեյանը օրերս նաեւ հայտարարել էր, որ իր ընկերությունն արդեն երեք տարի է ԱՄՆ կառավարության պատվերով հետազոտում էր հին կորոնավիրուսը, ու թեեւ նորը որոշակիորեն տարբեր է, այդուհանդերձ իրենք տեխնոլոգիապես զգալիորեն պատրաստ էին նորի պատվաստանյութի ստեղծման աշխատանքը արագ սկսելուն…

Հետաքրքիր է, ինչու՞ էր ԱՄՆ կառավարությանը հետաքրքրել հին կորոնավիրուսի հետազոտությունը, որը փաստորեն իրականացվում էր անցնող երեք տարիներին…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել էր, որ ապրիլի 12-ից՝ Կաթոլիկների Զատկի տոնից ԱՄՆ պետք է վերադառնա լիարժեք կյանքի, քանի որ չի կարող կորոնավիրուսից պաշտպանվելու համար սպանել տնտեսությունը, քանի որ դա իր հերթին դառնալու է նոր եւ ավելի շատ մահերի պատճառ…

Թրամփի հայտարարությունն ԱՄՆ-ում ընդունվել է քննադատաբար, այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսը կվերանա հրաշքով…

Արդյո՞ք «հրաշքը» տեղի կունենա կաթոլիկ տոնացույցով Հարության տոնին, որն իբրեւ լիարժեք կյանքի վերադարձի մեկնակետ է դիտարկել Թրամփը: Շատերն են արձանագրում, որ պետք չէ լուրջ ընդունել նրա հայտարարությունները: Բայց արդյոք անլուրջ չէ այդպես մտածել թիվ մեկ գերտերության ղեկավարի հայտարարությունների մասին, ով էլ լինի այդ պաշտոնում…

Մինչ այդ, համաճարակի ավարտի մասին հայտարարել է Չինաստանը, ինչը սակայն առաջացնում է հարցեր եւ կասկածներ, որ խոսքն ավելի շատ տեղեկատվական հոսքերի կառավարման, քան համաճարակի հաղթահարման մասին է…

Թրամփն ու Չինաստանի նախագահը օրերս պայմանավորվել էին գործել համակարգված, եւ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Չինաստանը սկսել է Նահանգներին փոխանցել վարակի մասին ամբղջ տեղեկատվությունը…

Դա նշանակում է, որ աշխարհին Չինաստանն ամբողջը չէ, որ փոխանցում է…

Ի՞նչ է փոխում Չինաստանի ամբողջական տեղեկատվությունը ԱՄՆ պատվաստանյութի փորձարկման արագությունում: Կարճացնու՞մ է այն ճանապարհը, որով անցնում է պատվաստանյութը…

Առայժմ իր ճանապարհն է անցնում բուն վարակը, այդ ընթացքում գործնականում փոխելով աշխարհը քայլ առ քայլ…