Ահա, թե ինչու է Քոչարյանը հեգնում Սերժ Սարգսյանին. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրել է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Հինգերորդ ալիքի եթերում խոսելով պետական կառավարման մասին եւ թվարկելով, թե ինչ բարդ միջազգային խնդիրների պայմաններում է Ռոբերտ Քոչարյանն ապահովել արդյունավետ կառավարում, Սերժ Սարգսյանի հասցեին արել է բավական տարօրինակ մի ռեվերանս…

«Երբ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմ սկսվեց, նույն օրը Սերժ Սարգսյանը կուտակել է ցորենի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների լրջագույն պաշար։ Ես վերջերս եմ այդ մասին իմացել», հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը…

Հեգնական է արդեն իսկ «վերջերս իմանալու հանգամանքը», հաշվի առնելով նաեւ այն, որ անարդյունավետ կառավարման համար Ռոբերտ Քոչարյանի թիմը տասը տարի թիրախավորում էր Սերժ Սարգսյանին…

Ու այժմ էլ Սարգսյանի հասցեին այս ռեվերանսը իրականում ունի այլ տողատակ՝ ընդգծել Ռոբերտ Քոչարյանի առավելությունը Սարգսյանի, ոչ թե Փաշինյանի նկատմամբ: Բանն այն է, որ Քոչարյանն առայժմ դեռեւս մրցակցում է առավելապես նախկին համակարգի համակիրների մոբիլիզացիայի համար…

Իսկ Սերժ Սարգսյանի հասցեին ռեվերանսի հակասականությունն այն է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրերին, երբ Հայաստանում սկսվել էր օրինակ բենզինի ճգնաժամ, Սերժ Սարգսյանը Պեկինում էր՝ ամառային օլիմպիադային: Եվ նա չընդհատեց իր այցն ու չվերադարձավ Հայաստան…

Երկրորդ նախագահի գրասենյակը անկասկած հիանալի է հիշում դա: Միաժամանակ, ուղղակի զավեշտալի է խոսել պատերազմի սկսվելու «նույն օրը» պաշարներ կուտակելու մասին, որովհետեւ պաշարները մեկ օրում չէ, որ կուտակվում են, այն էլ լուրջ պաշարները: Եվ առավել եւս, որ վերաբերմունքի լրջության աստիճանը հենց այն էր, որ Սերժ Սարգսյանը անվրդով շարունակեց հետեւել Օլիմպիադային…

Ինչ խոսք, Սարգսյանն այդ առնչությամբ կարող է ունենալ իր բացատրությունը, թե ինչու անվրդով շարունակեց մնալ Պեկինում, երբ ռուս-վրացական պատերազմ էր՝ Հայաստանի համար շատ հասկանալի ռիսկերով ու սպառնալիքով: Թերեւս գիտեր, որ Պեկինում լիներ, թե Երեւանում, միեւնույն է պատկերը դրանից չէր փոխվելու…

Համենայն դեպս փաստ է, որ Սերժ Սարգսյանն այդ օրերին զբաղված էր ամառային խաղերին հետեւելով: Ինչու՞ է Սերժ Սարգսյանի այդ զբաղմունքը փաստացի հեգնում երկրորդ նախագահի գրասենյակը: Արդյոք դա պայմանավորված է ապրիլյան պատերազմի հանձնաժողով այցելելու Սերժ Սարգսյանի որոշումով, որն անհանգստացրել էր նաեւ առաջին նախագահին…