Ով է վարչապետի տան խոհարարն՝ ով վարակված է և ստանում է բուժում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում…

Նրա առաջին թեստը, որը վերցվել է մոտ մեկ ամիս առաջ, դրական է եղել, այժմ նա արդեն սիմպտոմներ չունի, եւ սպասում են, որ թեստն արդեն բացասական կլինի…

«Սրանից մոտ 20 օր առաջ մասնակցել է Հրազդանում հարսանիքի, որը վարակի օջախներից մեկն է եղել, սակայն իր մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,- ասաց իշխանական աղբյուրը…

Ի՞նքն է վիրուսը տարածել։ «Ոչ-ոչ, ի՞նչ եք ասում. հարսանիքին մասնակցել է 300 մարդ, Մարմարիկ գյուղում է եղել, ինքը հրավիրված է եղել»: Ի՞նքն է հարսանիքի խոհարարը եղել…

«Ոչ, արդեն ասացի` եղել է հրավիրյալների թվում, դեպքից հետո Մարմարիկ գյուղում բոլորին տնային մեկուսացում են տվել»…

300 հոգանոց հարսանիք է եղել, իշխանությունների, պարետատան վրա խաբար չի՞ եղել…

«Դա եղել է շատ վաղուց` մարտի 20-ի մերձակայքում` Մարմարիկ գյուղում, դե, ո՞նց կարող էին իմանալ»: Երեկ ողջ օրը մենք զանգահարում էինք առողջապահության նախարարի, վարչապետի մամուլի ծառայություններին` ճշտումներ կատարելու համար, նրանք չպատասխանեցին զանգերին»…

ArmDaily.am-ի հետ զրույցում Մեղրաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Պետրոսյանն անդրադառնալով դեպքին ասաց. «Որ գրում են այդ մարդու մասին, ինքը մեր համայնքից չի եղել, գյուղի թոռ է եղել, նշված հարսանիքին մասնակցել է»…

«Հարսանիքին մասնակցել է մոտ 70 հոգի, բոլորը մեկուսացված են եղել՝ բժիշկների հսկողության տակ, նույնիսկ 15-16 տարեկան տղա կար, հազում էր, տարան ստուգեցին, բացակայում էր վիրուսը, մոտ մի ամիս էլ մնացին տները, վերջում բոլորին թեստավորեցին, բոլորը բացասական էին», – ասաց Պետրոյանը…

Դիտարկմանը, որ նշվում է հարսանիքին մոտ 300 հոգի է մասնակցել, նա նշեց. «Չեմ կարող ասել այդքան մարդ մասնակցել է, թե չէ, այս պահին գյուղից նշված դեպքի հետ կապված մեկուսացվածներ էլ չկան»…

Հարցին՝ գյուղում մինչ այս պահը քանի դեպք է հաստատվել կորոնավիրուսի՝ վարչական ղեկավարը պատասխանեց. «Ոչ մի, փառք աստծո, չունենք ոչ մի հաստատված դեպք»…

Նա նաև նշեց, որ գյուղում շարունակում են հետևել խստացված ռեժիմին. «Մարդիկ դուրս ու ներս չեն անում, գյուղում ախտահանման աշխատանքներ են արվում, գյուղի մուտքը քլորաջրով ախտահանվում է պարբերաբար»…